Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով իրարամերժ ցուցմունքներ են տրվել. քննիչի որոշումը բողոքարկվել է դատական կարգով

Հուլիս 18,2016 10:51

2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից որոշում է կայացվել Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Վերոնշյալ որոշումը կայացվել է՝ հենվելով միայն վերջիններիս ցուցմունքների վրա այն դեպքում, որ գործի քննության շրջանակներում իրար հակասող ցուցմունքներ են տրվել ծեծկռտուքի մասնակիցների և Անզոր Կարապետյանի հարազատների կողմից:

Վերջիններիս ցուցմունքներում հիշատակվում է նաև ոստիկանների միջամտության մասին (ծեծկռտուքը կանխելու նպատակով ոստիկաններ են մոտեցել խմբին), սակայն այդ հանգամանքը ևս չի քննվել գործի շրջանակներում: Գործի քննության շրջանակներում, ի թիվս այլ բացթողումների, չեն պարզվել նաև Անզոր Կարապետյանի՝ վնասվածքներ ստանալու հանգամանքները՝ չնայած իրականացված դատաբժշկական փորձաքննություններին: Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին վերոնշյալ որոշման դեմ Անզոր Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի դատախազություն ներկայացված դիմում-բողոքը, որով մատնանշվել էին գործի քննության բացթողումներն ու թերացումները, մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Որոշումը բողոքարկվել է նաև դատական կարգով. դատական նիստը նշանակված է 2016թ. հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինս կամավոր ներկայացել է ոստիկանություն, որից հետո նրան ձերբակալել են: Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է, գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած են գտել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031