Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան․ «Սեֆիլյանն առանց ցնցումների հարցը լուծելու տարբերակ է առաջարկել»

Հուլիս 18,2016 10:06

«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի՝ իրենց կողմից գրաված տարածքում է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը հանգիստ է անցել, իսկ երեկ մեկ ոստիկանի ազատ են թողել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ։

«Ալեք Ենիգոմշյանը եկավ այստեղ, փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանի ասածը՝ որպես բարի կամքի դրսեւորում մեկ հոգու էլ ազատ թողնենք։ Մենք էլ մի երիտասարդի ազատ թողեցինք, նա մի քիչ լավ չէր զգում իրեն, ալերգիա ուներ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Այս պահին հինգ պատանդ կա պարեկապահակային ծառայության գնդի Էրեբունիում գտնվող ու «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրաված տարածքում։

Հնարավո՞ր է հերթով ազատ թողնեն եւ իրենց մոտ պահեն միայն բարձրաստիճան ոստիկաններին՝ Օսիպյանին եւ Եղիազարյանին, ՀԽ-ի փոխնախագահն ասաց՝ «Չգիտեմ, ընթացքը ցույց կտա»։

Հարցին՝ ի՞նչ փուլում են բանակցությունները, Վարուժան Ավետիսյանն ասաց․«Մենք շարունակում ենք պահանջել, որ Սեֆիլյանը գա այստեղ։ (Ժիրայր Սեֆիլյանը մոտ մեկ ամիս է՝ կալանավորված է։-Ն․Բ) Բայց մինչ այդ, ինքը սկսել էր առաջարկությամբ հանդես գալ 3-րդ տարբերակով՝ առանց ցնցման հարցը լուծելու տարբերակով։ Չեմ կարող հրապարակել, թե ինչ տարբերակի մասին է։ Հիմա տեսնենք, քննարկում, բանակցություն կա, տեսնենք ինչ կլինի»։

Գրոհած եւ այսպես ասած՝ գրաված տարածքում ինտերնետն անջատված է, դրսի հետ կապը, ինչպես ասաց Ավետիսյանը, պահպանում են բջջային հեռախոսակապի միջոցով։

Հիշեցնենք, որ հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել եւ պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք նաեւ, որ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031