Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Քաղաքացիների բերման են ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս

Հուլիս 18,2016 03:29

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ոստիկանության զորքերի 1033  զորամասի շրջակայքից ուղիղ հեռարձակմամբ միացել էր: Նա հայտնեց, որ քաղաքացիներին բերման են ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս, սակայն ո՛չ իրեն, ո՛չ փաստաբաններին թույլ չեն տալիս տարածք մտնել: Պատգամավոր քաղաքացիների իրավիճակը որակեց իբրեւ պատանդի իրավիճակ:

Նիկոլ Փաշինյանը ներկաներից մեկին, որը բերման էր ենթարկվել խնդրեց ներկայացնել իրավիճակը: Վերջինս պատմեց, որ որեւէ կուսակցությանը չի անդամակցում, Ազատության հրապարակում նստած է եղել եւ քննարկել է կատարվածը, ոստիկանները շրջափակել է իրենց եւ բռնությամբ տարել են ոստիկանության մեքենան: Տիկինը նշեց նաեւ, որ ոստիկանները հայհոյել են իրենց:

«Ներսում երեւի մի 300 հոգի կա: Մեզ՝ չորս կանանց առանձին էին տարել, մտցրել էին մի հատ սենյակում ո՛չ շունչ կարող էինք քաշել, ո՛չ էլ: Ջուր ուզեցի խմել, բերեցին այնպիսի տաք ջուր տվեցին, որ խմել էլ չէր լինի: Դրանից հետո տարան, պայուսակներն էին ուզում ստուգել, պայուսակների մեջ էլ, իհարկե՛, բան չկար: Վե՛րջ, նորից եկել ենք»,- պատմում էր տիկինը:

Պատգամավորը հետաքրքրվեց, այդ դեպքում ինչի՞ց է եզրակացնում, որ ներսում 300 հոգի կա, տիկինը պատասխանեց, որ երբ իրենց դուրս էին բերում, ճանապարհին է տեսել: Նիկոլ Փաշինյանը անցակետում կանգնած դիմակավոր ոստիկանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկացրել են, որ պատգամավոր է ցանկանում ներս մտնել, վերջինս պատասխանեց, որ այդ գործով զբաղված են: Պատգամավորի մի շարք այլ հարցերի ոստիկանը չպատասխանեց:

«Այս պահին մենք ստույգ կարող ենք ասել, որ այնուամենայնիվ, ինչ-որ մարդիկ այսօրվա պարեկապահային ծառայության գնդի իրադարձությունների կապակցությամբ տարբեր տեղերից բերման են ենթարկվել: Բայց այստեղ տարօրինակն այն է, որ նախ կա՛մ բերման են ենթարկվել միանգամից ոստիկանության զորքի զորամաս, ինչը չլսված բան է եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության տրամաբանությամբ որեւէ բացատրություն չունի՝ մարդկանց բերման ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս, կա՛մ մարդկանց այլ բաժիններից բերել են էլի ոստիկանության զորքերի զորամաս:

Ուզում եմ հիշեցնել, որ մարդկանց բերման ենթարկելուց հետո երեք ժամվա ընթացքում նրանց կարգավիճակը պետք է ճշգրտվի. նրանց կա՛մ պետք է տանեն ձերբակալվածների պահման վայր, կա՛մ պետք է կալանավորեն, կա՛մ պետք է ուղղակի ազատ արձակեն: Բայց ինչպես տեսնում եք, ընտրվել է մի տարբերակ, որը թվում է՝ Հայաստանում վաղուց արդեն պետք է անցյալում լիներ: Փաստը մնում է փաստ, որ անցյալում չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031