Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ոստիկանության զորքերի 1033 զորամասի շրջակայքից ուղիղ հեռարձակմամբ միացել էր:
Ուղիղ հեռարձակման ընթացքում նա զրուցել էր նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ: Վերջինս հայտնեց, որ ժամեր շարունակ իրենք չգիտեին, որ ներսում մարդիկ են պահվում, որովհետեւ ոստիկանները փորձում էին գաղտնի պահել. «Տասնյակ մարդիկ դուրս եկան, զուտ իրենց պատմածից կարող եմ ասել, որ մի քանի տասնյակի ներսում բռնության են ենթարկել, ծեծել են: Կոնկրետ կար մարդ, որը պատմում էր, թե ինչպես են իրեն ծեծել, կար քաղաքացի, որը բանավոր վկայություն էր տալիս, որ քաղաքացուն ծեծել են: Պատմում էին, որ ծեծի են ենթարկել Վաղինակ Շուշանյանին, եւ իրեն հեռացրել են մյուսներից: Քիչ առաջ մենք ստացանք Վաղինակ Շուշանյանի վնասված ուսի լուսանկարը»:
Դանիել Իոաննիսյանը պատմեց, որ քաղաքացիների մեծ մասի հեռախոսները ոստիկաները վերցրել են, սակայն մի մասին հաջողվել է պահել իրենց հեռախոսները եւ կարճ հաղորդագրությունների միջոցով կապ հաստատել: Նա հայտնեց, որ մարդիկ ասում էին՝ հաշվել են՝ ներսում 102-106 մարդ է պահվում: Նիկոլ Փաշինյանի նկատառմանը, որ դուրս եկած կանանցից մեկն ասում էր, որ մոտ երեք հարյուր հոգի կա ներսում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ հնարավոր է, որ քաղաքացիներին տարբեր վայրերում են պահում:
«Ստույգ տեղեկատվություն չունենք: Բայց ինչքան հասկանում եմ՝ 102-ը նվազագույն թիվն է, որ այս պահի դրությամբ մենք լսել ենք: Մեծ մասին պահում են սպորտ դահլիճում, մարդիկ դա բնորոշում են իբրեւ ինչ-որ կոնցենտրացիոն ճամբար, որովհետեւ ոմանց մինչեւ 13 ժամ ներսում պահել էին, մարդկանց սնունդ չէին տալիս եւ պատշաճ բուժօգնություն եւս չէին տրամադրում, իսկ դրա կարիքը հիմնականում ծեծվածներն ունեին»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ