Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կողմից կբանակցի միայն Ժիրայր Սեֆիլյանը».Արամ Հակոբյան

Հուլիս 18,2016 02:30

Aravot.am-ը Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանից, որը Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից է, հետաքրքվեց՝ թե իրենց հետագա քայլերը ո՞վ է որոշելու՝ ինքնուրույն են գործելո՞ւ, թե՞ համաձայնեցնելու են Ժիրայր Սեֆիլյանի հետ:

Մենք հիշեցրինք Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցը Ժիրայր Սեֆիլյանի հետ, որը նա Armlur.am-ին ներկայացրել էր այսպես. «Ժիրայր Սեֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվել, բայց ինքը տեղյակ չէր: Դրա համար ասաց` որոշեք ինքներդ»:

Ի պատասխան մեր հարցի՝ Արամ Հակոբյանն ասաց, որ առանց Ժիրայր Սեֆիլյանի իրենք ոչ մի գործողություն չեն անի: «Մենք պայմանավորվել ենք, որ ամբողջ բանակցային գործընթացը Ժիրայր Սեֆիլյանն անի մեր փոխարեն, քանի որ մենք ենթարկվում ենք միայն իրեն, նա մեր հրամանատարն է»:

Ճշտեղ հարցին՝ այսինքն Ժիրայր Սեֆիլյանը պատասխանատվությունը ձեր վրա չի՞ թողնում, Արամ Հակոբյանն ասաց. «Ոչ, չի թողել պատասխանատվությունը մեր վրա, ինքն ասել է, ճիշտ է՝ ես տեղյակ չեմ, բայց ես եմ բանակցային կողմ հանդիսանում: Հիմա իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանի հետ են բանակցային պրոցեսի մեջ են մտնելու, նա է անում բանակցությունները, ոչ թե մենք, մենք ասել ենք, որ մեր հրամանատարն է բանակցող կողմը»:

Հարցին՝ արդյոք նախապես համաձայնեցվա՞ծ չէր այս ամենը Ժիրայր Սեֆիլյանի հետ, չէ՞ որ նա հինգ օր առաջ նամակ էր հղել Գարեգին Չուգասզյանին՝ մոտ ժամանակներս գործողություններ ձեռնարկելու առաջարկով, մեր զրուցակիցն ասաց. «Իր խոսքը այս պրոցեսի մասին չէր, ինքը ասում էր, քանի ես բանտում եմ, Չուգասզյանը թող շարունակի մեր գործը: Իսկ մեր գործը՝ Ժիրայր Սեֆիլյանի ծրագրային դրույթներով. մենք քաղաքական կազմակերպություն ենք, մենք ունենք ծրագրեր, նպատակներ երկիրը փոխելու, ու Ժիրայր Սեֆիլյանի բացակայության պայմաններում Չուգասզյանը պիտի աներ, այս գործողությունների հետ բնավ կապ չուներ»:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանը Չուգասզյանին մասնավորապես գրել էր. «Մինչ օրս առավելապես ինձ էր վիճակված տանելու մեր համատեղ աշխատանքի հանրային բեռը: Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը: Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին: Մեր ընկերներին այս ամենը հայտնի է: Իսկ մեր ժողովրդին ու ապագա գործընկերներին տեղեկացնում եմ, որ անվերապահորեն վստահում եմ քեզ: Այսօր առավել, քան երբևէ, մենք ունենք քո խորը ու կանխատես մտքի, ամուր կամքի և հաստատ ձեռքի կարիքը: Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031