Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին չեն թողել Սեֆիլյանին տեսակցի. «Չորով ապօրինություններ անելու իշխանական գործելակերպն է, որ բերել է սրան»

Հուլիս 18,2016 00:59

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն չեն թողնում, որ երրորդ անգամ մտնի ներս՝ բանակցելու զինված հարձակում իրականացրած խմբի  անդամների հետ՝ չնայած նախօրոք եղել է նման պայմանավորվածություն. «2 անգամ եղել եմ ներսում, պայմանավորվածություն կար, որ պետք է նորից մտնեի, Հունան Պողոսյանը նույնպես այդ մասին գիտեր, բայց մինչեւ հիմա չեն թողնում մտնել»:

Նա ասաց, որ ԱԺ պատգամավորները քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու եւ կալանավորված անձանց տեսակցելու անսահմանափակ հնարավորություն ունեն՝ անկախ այն բանից աշխատանքային օր է, թե ոչ աշխատանքային, գիշեր, թե ցերեկ: Բայց այսօր նրա թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին. «Այսօր ապօրինի կերպով ինձ տեսակցության հնարավորություն չտվեցին: Այսօրվա իրավիճակը, անկախ գործողությունների բնույթի գնահատականից, պետք է հասկանանք, որ ուղղակի չորով ապօրինություններ անելու իշխանական գործելակերպն է, որ բերել է նման գործողությունների: Կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ իմ հանդիպումը եւ խոսակցությունը կարող էր դրական նպաստել: Համենայնդեպս, իրավիճակի հանգուցալուծմանը, բացի օգուտից, վնաս չի կարող տալ»:

Թե ինչ է ուզեցել Փաշինյանը Սեֆիլյանին հարցնել՝ նա ասաց. «Նախ ուզում եմ համոզված լինել, որ Ժիրայր Սեֆիլյանն ունի ամբողջական տեղեկատվություն կատարվող իրադարձությունների վերաբերյալ, որովհետեւ իմ փորձից ես գիտեմ, որ մեկուսարանում, խցում լինելով, նույնիսկ ռադիո ունենալով այնքան էլ հեշտ չի ամբողջական տեղեկատվություն ունենալ: Շատ կարեւոր կլինի լսել Սեֆիլյանի տեսակետները՝ ստեղծված իրավիճակի մասին»:

Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի զրույցին՝ նա ասաց, որ խոսակցության ամբողջական տեղեկատվությանը չի տիրապետում, բայց համոզված է, որ այդ խոսակցությունով հնարավոր չէ ամբողջական պատկերացում ունենալ. «Ես համոզված չեմ, որ նա ունի ամբողջական պատկերացում»:

Փաշինյանն ասաց, որ Ազատության հրապարակում քաղաքացիներին բերման ենթարկելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է. «Եթե քաղաքացիները ասելու բան ունեն, պետք է հնարավորություն ունենան դա արտահայտել: Բոլոր ակտիվիստներին բերման ենթարկել, որոնք ենթադրաբար կարող էին որեւէ համակրանք արտահայտած լինեին, որեւէ տրամաբանության մեջ չի մտնում»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային միջոցների դիմելը նշանակում է առաջին հերթին վտանգի տակ դնել Օսիպյանի եւ մյուս պատանդների, ինչպես նաեւ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների կյանքը: Նա փոխանցեց «Սասնա ծռեր» խմբի անդամների խոսքերը, որ այս պահին չեն գնալու ուժային գործողության, եթե չլինի ոստիկանության կողմից հարձակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031