Քիչ առաջ ոստիկանության «Մուշ» բաժնից ազատ արձակեցին առավոտից ոստիկանությունում պահվող Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանին: Նա վերջին անձն էր, որին մինչ գիշերվա այս ժամը պահում էին ոստիկանությունում, մինչ այդ ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ էին արձակել առավոտյան ժամը 9-ից ոստիկանությունում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության «Կումայրի» բաժին բերման էին ենթարկել նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ու ազգագրագետ Արտաշես Բոյաջյանին: Ոստիկանները, մտնելով «էլեկտրիկ Գյումրիի» ակտիվիստների տները, զրույցի էին հրավիրել նրանց: Ակտիվիստների ասելով, զրույցը կարճ էր տևել, որովհետև թեմա չկար զրուցելու, նրանցից շատերը հենց ոստիկաններից էին լսել երևանյան դեպքերի մասին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ