Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տարբերակներ ունեն իշխանությունն ու զինյալները

Հուլիս 17,2016 23:21

Օրն ավարտվում է, սակայն իրավիճակին որեւէ հանգուցալուծում առայժմ տրված չէ: Հասարակությանը հայտնի չէ, թե ի՞նչ բանակցություններ են տարվում, տարվո՞ւմ են, թե՞ ոչ: Ի՞նչ քայլերի հնարավորություն ունեն իշխանություններն ու «Սասնա ծռերը»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման տղաների պահանջներն, ըստ էության, երկուսն են.

1.ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուս բոլորին, ում իրենք քաղբանտարկյալ են համարում եւ 2. Սերժ Սարգսյանի հրաժարականն ու վստահության կառավարության ստեղծումը:

Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ իշխանությունը մտադիր չէ կատարելու այս պահանջներից եւ ոչ մեկը: Եվ ուրեմն՝ ի՞նչ կարող է հետեւել այս ամենին: Ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել իշխանությունները.

1.Գրոհ: Թվում է, թե իշխանությունը չի գնա ռիսկի՝ ձեռքերը հերթական անգամ չարյունոտելու համար: Սակայն չի բացառվում որեւէ սադրանք, որի արդյունքում իշխանությունը, իբր, այլ ելք չունենալով, կգրոհի, եւ արդյունքում էլի զոհեր կլինեն: Անմեղ զոհերից հետո բանտերը կլցվեն հարյուրավոր համակիրներով եւ ընդդիմացողներով: Կկարողանա՞ արդյոք մարսել այդ արյունն ու բռնաճնշումները իշխանությունը՝ կախված է թերեւս միջազգային հանրության արձագանքից:

Բացարձակապես անիմաստ եմ համարում խաղադրույք կատարել ժողովրդի ոտքի կանգնելու, ժողովրդական ընդվզման վրա: Մեր ժողովրդին ոտքի կանգնեցնելը բավականին բարդ է, համենայնդեպս՝ «Սասնա ծռերը» հաստատ չունի այդ ներուժը:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը՝ վերջին շրջանում աշխարհի տարբեր վայրերում իրականացված ահաբեկչությունների ֆոնի վրա այս զինված հարձակումն էլ հանգիստ կարող է անցնել որպես ահաբեկչություն, եւ իշխանությունների կողմից «անխուսափելի զոհերի գնով ահաբեկչության ճնշումը» առանձնապես մեծ արձագանք չի ունենա: Մարտի 1-ը, համենայնդեպս, մարսվեց: Մեր պետության զարգացման, առաջընթացի եւ ծաղկման հաշվին մարսվեց:

2.Նյարդերի պատերազմ՝ ով առաջինը տեղի կտա: Եթե կիրառվի «Էլեկտրիկ Երեւանի» տարբերակը, եւ սկսվի նյարդերի պատերազմ, հաղթողը իշխանությունն է լինելու: Որքա՞ն կկարողանան ձգել տղաները Էրեբունիում՝ առանց շոշափելի արդյունքի: Ի՞նչ սպասումներով, ի՞նչ ակնկալիքներով: Մե՞կ օր, երկո՞ւ, երե՞ք… Հետո ի՞նչ են անելու, վնասելո՞ւ են պատանդներին: Ընդամենը մի այդպիսի քայլը անմիջապես կսադրի ոստիկանական գրոհ, եւ, բնականաբար, զոհեր: Պատանդներին հերթով բա՞ց են թողնելու, վերջին պատանդին թողնելուց հետո կամ՝ գրոհ եւ զոհեր, կամ՝ բանտ:

3.Զինյալների հանդեպ շանտաժի կիրառում՝ ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ եւ այլն: Տեղի՞ կտան զինյալները այս  կարգի շանտաժին, թե չէ՝ պարզ չէ, սակայն եթե տեղի տան՝ կկիրառվի երկրորդ տարբերակը, եթե տեղի չտան, ի վերջո կհանգեցնի 1-ին տարբերակին:

4. Իշխանությունները գտնում են մարդու, ով ի վիճակի է բանակցել եւ համոզել տղաներին, որ իրենք փակուղու առջեւ են: Պատանդներին բաց են թողնում, իսկ տղաները հայտնվում են բանտում:

5.Ժիրայր Սեֆիլյանին արձակում են՝ պատանդների բաց թողնելու դիմաց, բայց տղաներին՝ ահաբեկչության, պատանդ պահելու եւ այլ մեղադրանքներով տանում են բանտ: Սեֆիլյանին՝ նույնպես:

6.Տղաները քաղաքական ապաստան են խնդրում որեւէ այլ երկրից, բաց են թողնում պատանդներին եւ ընդունող երկրի (մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ո՞ր երկիրը կհամաձայնվի ահաբեկչական բնույթի գործողություններ, որոնց արդյունքում զոհ է եղել, կատարած մարդկանց ընդունել) դեսպանի միջնորդությամբ տղաները լքում են երկիրը: Նրանց ոչ մի պահանջը, այդուամենայնիվ, չի կատարվում:

7.Ժողովուրդը, չնայած բոլոր սպառնալիքներին, ոստիկանական բռնություններին, հավաքվում է հազարներով, ճնշում է գործադրում իշխանության վրա, ինչի արդյունքում բոլորը բանտերից ազատվում են, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս եւ ստեղծվում է վստահության կառավարություն: Կա՞ մեկը, որ հավատաց այս տարբերակի հավանականությանը:

Ի՞նչ կարող են անել զինյալները

1.Ուլտիմատում դնել իշխանության առաջ. Այսքան ժամանակից չեք կատարում պահանջս, լինում է հերթական զոհը: Հերթական զոհը իշխանության ձեռքերը կազատի, եւ գրոհն անխուսափելի կլինի:

2.Սպասել սեփական պահանջների կատարմանը՝ առանց պատանդների հանդեպ որեւէ քայլ ձեռնարկելու:  Կսկսվի նյարդերի պատերազմը, եւ իշխանությունը կկիրառի վերը նշված 2-րդ կամ 3-րդ կետը:

3.Դիմել միջազգային հանրությանը՝ ապաստան ստանալու խնդրանքով: Սակայն նրանց պահանջներից եւ ոչ մեկը այդ դեպքում չի կատարվի եւ անմեղ մարդու արյունը ձեռքներին նրանք կա՛մ կհայտնվեն այլ երկրում (վերեւում արդեն նշեցի, թե ինչու եմ քիչ հավանական համարում այս տարբերակը) կա՛մ՝ բանտում:

4.Սպասել ժողովրդական լայն զանգվածների ընդվզման, որը չի ճնշվի բռնի մեթոդներով այլ կհանգեցնի իշխանափոխության: Այդ սպասումը կարող է անվերջ ձգվել:

5.Գուցե նրանք ունե՞ն արդեն մշակված, անխափան գործող պլան, որից ոչ ոք տեղյակ չի, եւ որը անխուսափելիորեն հանգեցնելու է իրենց պահանջների կատարմանը՝ այն էլ առանց արյունահեղության: Աստված տա:

  Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ա Ներսիսեան says:

    Ներկայ անելանելի իրադրութեան Էապէս աւելի մտածւած ու մտահոգ մեկնաբանութիւն, քան Արծրուն Պեպանեանի բաց նամակի «ձրի խորհուրդները»։

    Միակ յոյսն այն է, որ պատանդ վերցնողներն — ահաբեկիչներ, անկախ այն բանից համակրում ենք, թէ ոչ, — ի վերջոյ, որպէս իսկական հայեր, իրենց բաւարարւած կզգան իրենց «անձնազոհութեամբ» և տեղի կտան առանց արնահեղման։ Քիչ հաւանական է։ Ընդհարման կողմերն անկիւն են մտած։

    Կառավարութեան անվճռականութիւնն աւելի վտանգաւոր է, որովհետև հատկապէս մեր մշտական արտաքին թշնամին դա կգնահատւի որպէս պետութեան թուլութիւն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031