Ազատության հրապարակում շարունակվում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խաղաղ ակցիան: Քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածք զինված ներխուժում իրականացրած անձինք «ինքնազոհողության են գնացել»:
Արմեն Մարտիրոսյանը կատարվածը բնորոշում է, որպես Ժիրայր Սեֆիլյանի դեմ առաջադրված անհիմն մեղադրանքի եւ նրան մեկուսացնելու հետեւանք: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ շատերի պես ցավ է ապրում զոհված ոստիկանի համար, սակայն, ՊՊԾ գնդի տարածք ներխուժածներից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ զրույցից հասկացել է, որ ոստիկաններն են հարձակվել, «Հիմնադիր խորհրդարանի» զինված անդամները պատասխան կրակ են բացել ոստիկանների վրա:
Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են մոտ 60 քաղաքացիներ: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, հասարակության կողմից նման ծավալի աջակցությունը բավարար չէ: Արմեն Մարտիրոսյանը բարկացած նկատեց, որ Օպերային թատրոնին հարակից սրճարաններից մեկում միտումնավոր բարձրացրել են երաժշտության ձայնն այնպես, որ ինքը ստիպված բղավելով է խոսում: Նկատենք, որ մինչեւ հավաքի մեկնարկը, նշված սրճարանից բարձր երաժշտության ձայն չէր լսվում:
Ի դեպ, բարկացած քաղաքացիները փորձեցին իրենց զայրույթը թափել հեռուստաընկերություններից մեկի լրագրողի եւ օպերատորի վրա` պատճառաբանելով, թե վերջիններս այսօր կատարվածը «մոնտաժված» են ներկայացնում: Վեճին միջամտեց Արմեն Մարտիրոսյանը` քաղաքացիներին հորդորելով զսպել զայրույթը եւ լրագրողներին չխանգարել աշխատել:
Կարդացեք նաև
Լուիզա Սուքիասյան
Հայաստանի ժողովուրդը իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխելու որևէ հնարավորություն չունի, իսկ այսօրվա իշխանությունը պետք է փոխվի հայոց ազգի գոյությունը ապահովելու համար: Սերժ Սարգսյանը անմեղսունակ անձ է, և նրանից ամեն ինչ սպասելի է: Երկիրը գտնվում է անդունդի եզրին, իսկ իշխանավորները խնջույքների մեջ են: Երկիրը փրկելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Ինչպես կավարտվի այս գործողությունը դեռևս պարզ չէ, Բայց իշխող վերնախավը մտածելու շատ բան ունի: