Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ը` Երեւանում ստեղծված արտակարգ իրավիճակի վերաբերյալ

Հուլիս 17,2016 19:54

ԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը ըմբռնումով, սակայն մեծագոյն մտահոգութեամբ է ընկալում ստեղծուած իրավիճակը։ Իր գործունէութեան աւելի քան հիսուն տարիների ընթացքում ԱՄԿ-ԱԻՄ-ը քաղաքական պայքարում, նոյնիսկ ազգի ազատագարական պայքարի շրջանում, սկզբունքօրէն բացառել է ուժի եւ մանաւանդ զէնքի կիրառումը։ Մեր կազմակերպութեան կանոնադրութեան Սկզբունքներ բաժնում ասւում է՝ «Իր ողջ գործունէութեան ընթացքում … ԱԻՄ-ը …գտնում է, որ միջոցները պէտք է լինեն նոյնքան բարոյական որքան նպատակը…»

Հասկանալի է, որ այսօր ոչ թէ մի քանի անհատների, այլ մարդկային մեծ խմբի կողմից այդպիսի գործողութեան դիմելը միայն յուսահատութեան դրսեւորում չէ։ Անտարակոյս այսպիսի գործողութիւնների նախապատճառը որպէս կանոն լինում է մարդու հիմնարար իրաւունքների զանգուածային ոտնահարումը երկրի իշխանութիւնների կողմից, ինչի վերաբերեալ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ (նախաբան) ասուած է, որ «անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՉԸՆԴՎԶԻ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՃՆՇՄԱՆ ԴԵՄ»։ Թերեւս մենք համանման իրավիճակի հետ գործ ունենք։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանութիւնները ձեւաւորուած են, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական միջոցներով, եւ աւելին՝ նրանք զանգուածաբար ոտնահարելով մարդկանց իրաւունքները հայ ժողովրդին պարտադրեցին իրենց յետին նկատառումներին ծառայող «նոր ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԷՆՔ»։

Այս ամենը արձանագրելով յանդերձ մենք կոչ ենք անում ե՛ւ անձնազոհ ընդվզումի ուղին ընտրած մարդկանց, ե՛ւ իշխանութիւններին ամեն ինչ անել վիճակը առանց լրացուցիչ բռնութիւնների եւ զոհերի հանգուցալուծելու ուղղութեամբ։ Մենք պարտաւոր ենք գիտակցել, որ օրուա նոյնիսկ ամենակարեւոր խննդիրները լուծելուն զուգահեռ մենք նախադէպեր եւ քաղաքական աւանդոյթներ ու ՄՇԱԿՈՅԹ ենք ստեղծում։ Ուստի այդ պատմական պատասխանատւութեամբ պէտք է վերաբերենք թէ մեր գործողութիւններին եւ թէ մարդ արժեքի գնայատման մեր մոտեցումներին։

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031