Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական քաղաքական օրակարգ

Հուլիս 17,2016 20:10

Հայկական պետականությունը 21-րդ դարում` նրա նվազագույն և առավելագույն աշխարհագրական քարտեզը և քաղաքական համակարգի ձևը

21-րդ դարի հայը քանդում է «հայկական բաստիլը» և դատապարտում «վերջին բոլշեվիկին»

1994 թվականի զինադադարը ավարտված է, 25 տարվա քաղաքական զինադադարը նույնպես:

Հայ ժողովրդի բնականոն զարգացման անհրաժեշտ և կարևոր երաշխիքներից` ազգային արդյունավետ ժողովրդավար հանրապետական կառավարման ինստիտուտները չեն գործում: Քաղաքացիական և քաղաքական ազատությունները հիմնականում մնացել են անհասանելի: Գործունեությամբ զբաղվելու ազատ ընտրության հնարավորությունը (հանրային ծառայություն կամ ձեռնարկատիրություն), ինչը տրվում է յուրաքանչյուրին ազգային արդյունավետ` ժողովրդավար հանրապետական կառավարման ինստիտուտների ներքո, շարունակում է մնալ սահմանափակված մարդու քաղաքական, սոցիալական և տնտեսական հնարավորությունների բացակայությամբ: Հայաստանում մարդու անհատական գործունեությունը ձախողված է հանրային կառավարման կառուցվածքի սնանկության հետևանքով: Հայկական հանրային կառավարման կառուցվածքի սնանկությունն ունի տարբեր և բազմաշերտ պատճառներ, սակայն ամենակարևոր պատճառն ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորության բացակայությունն է:

Կոմունիստական կուսակցության կոլապսից հետո Հայաստանի Հանրապետությունում չձևավորվեց բազմակուսակցական, մրցակցային քաղաքական համակարգ: Կոմունիստական կուսակցությանը փոխարինեց ՀՀՇ-ն, որը հետագայում փոխակերպվեց ՀՀԿ-ի: Հայկական քաղաքական համակարգը ստացավ ժամանակակից  ավտորիտար բնույթ:  ՀՀԿ-ն տարիներ  շարունակ օգտվեց քաղաքական մենաշնորհ բանեցնելու հնարավորությունից ոչ միայն կեղծիքների, բռնաճնշումների, վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով, այլև այս ամենին գումարեց  քաղաքական մենաշնորհը պահելու համար ամենաազդեցիկ գործոնը` քրեա-օլիգարխիան` մեծամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրված պատգամավորները և կուսակցությունների հանրային  ֆինանսավորման բացակայությունը: Այս մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները և նրանց կողմից իշխող կուսակցության ֆինանսավորումը ժամանակի ընթացքում ավելի ամրապնդեցին ավտորիտար քաղաքական համակարգը: Մեծամասնական ընտրակարգը ոչ միայն խոչընդոտեց և կանխեց  Հայաստանի Հանրապետության ժողովրդավար քաղաքական համակարգի կայացումը, այլ նաև  խոչընդոտեց  ներկուսակցական ժողովրդավարությանը:

Այսօրվա ընտրական օրենսդրությունը՝ մշակված ՀՀԿ-ի կողմից, շարունակում է ամրագրել մեծամասնական ընտրակարգի էությունը, որում առկա է 13 ընտրատարածք, ընտրատարածքային ցուցակներ և կայուն մեծամասնության դրույթներ: Փաստացի, այս վտանգավոր իրավական հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է դիմակայեն ներքին թշնամուն` ի դեմս ՀՀԿ-ի և նրա ղեկավար հայկական «վերջին բոլշևիկ»` Սերժ Սարգսյանի, որոնք պատրաստվում են 2017 թվականի Հայաստանի Հազարապետության խորհրդարանական ընտրություններ անվան տակ կրկին հարձակում գործել հայ ժողովրդի դեմ:

21-րդ դարի հայկական պետականությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և մեր խոսքերն ու գործողությունները պետք է դիտարկենք հենց այս տեսանկյունից: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա` որքանով է նա գիտակցում և ինչ է պատրաստ անել 2016 և 2016 թվականից հետո ապրող Հայաստանի համար: Հայաստան, որն ունի երկու ռազմաճակատ մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին, որոնք գտնվում են թշնամու կողմից ծրագրված հարձակման ռեժիմի օրակարգի ներքո:

Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, իրենց սեփական մաշկի վրա են զգում խորը ճգնաժամը և նրա հետևանքները` մեր զավակների` երիտասարդ կյանքերի հաշվին պետական սահմանի պաշտպանություն թուրքական հարձակումներից, մյուս կողմից էլ ներքին հարձակումներ` անօրինական սեփականզրկում, անօրինական ազատազրկումներ, հանրային միջոցների աննախադեպ լայնածավալ յուրացումներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաների ահռելի հարստացում, ազգային գումարների միլիարդավոր դոլարների հասնող ապօրինի դուրս բերում հայրենիքից և այլն:

Թե ինչպես ենք մենք դիմակայում և հանդուրժում անարդարությունը Հայաստանում`«մտքով ըմբռնել», կարծում եմ, հնարավոր չէ:

Ապրիլյան պատերազմը մեզ նորից ի ցույց դրեց, թե ովքեր են 21-րդ դարի թուրքերը, և ովքեր են ու ինչի են պատրաստ 21-րդ դարի հայերը: Որը պետք է լինի այն քաղաքական օրակարգը` համընդհանուր համահայկական ազգային գաղափարի ներքո, որով պետք է ղեկավարվի և առաջնորդվի հայ ժողովուրդը, դեռ հռչակված չէ, մինչդեռ այն  կազմելը և  ընդունելը օրհասական պահանջ է:

Երբ Արցախյան շարժումը նոր էր սկսվում, մենք ճիշտ չպատկերացրեցինք և ճիշտ չգնահատեցինք մեր տարածաշրջանում, և ընդհանրապես` աշխարհում տեղի ունեցող գործընթացների խորքային բնույթը և ծավալները: 88-ին մենք պատկերացնում էինք Խորհրդային Միության մեջ մեր պատմական Արցախից կտրված ԼՂԻՄ-ի և Շահումյան ու Գետաշենի վերամիացումը Խորհրդային Հայաստանի Հանրապետությանը: Այդ էր այն ժամանակահատվածի հայ ժողովրդի քաղաքական օրակարգը, որը 1989-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց և ձեռք բերեց իրավական ուժ, ինչը ապագայում կարևոր նշանակություն ուներ Արցախի ազատագրական պայքարում: Մենք` որպես ժողովուրդ, ունեինք հստակ ձևակերպված քաղաքական օրակարգ և այն սպասարկելու համար քաղաքական գործիք` 1989-ի որոշումը, որով Արցախը դե-յուրե չէր լինելու Ադրբեջանի մասը:

Ցավալին այն է, որ այդ ժամանակ մենք չէինք պատկերացնում, որ ընդամենը մի քանի տարի անց մեր քսանականների ընդհատված  անկախությունը  և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու  վերաբերյալ քաղաքական օրակարգը թակելու է հայ ժողովրդի դուռը: Մենք պատրաստ չէինք և պատկերացում չունեինք թե ինչպե՞ս, ի՞նչ տարածքների վրա, ինչպիսի՞ իրավական հիմքերով պետք է առաջ մղենք մեր անկախության և տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական օրակարգը:

Չնայած այս ամենի բացակայությանը` ծնվեց Հայկական երրորդ հանրապետությունը երկու վարչա-տարածքային միավորումներով` Արցախի և Հայաստանի Հանրապետություններ անվանումով՝ երկուսը միասին ընդգրկելով 42 հազար քառակուսի կիլոմետր: Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, չնայած նրան, որ  իր Արցախյան հատվածը ո՛չ միջազգային հանրության և ոչ էլ Հայաստանի Հանրապետության կողմից դե-յուրե չճանաչվեց, չնայած նրան, որ նրա տարածքները, առանց իրենց ներկայացուցիչների, որպես հանձման առարկա դրված էին Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին` շուրջ 25 տարի գործեց որպես դե-ֆակտո միասնական Հայկական պետականություն: Արցախապատկան տարածքների հանձման հարցը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում հանրային ընկալման մեջ լուրջ չէր ընդունվում, այս ամենի նկատմամբ մեր վերաբերմունքը բավականին կրավորական էր: Հանրային ընկալումը հետևյալն էր` հանդիպում են, բանակցում են. դա դեռ չի նշանակում, որ Արցախապատկան տարածքները կարող են հանձնվել:

Հայրենի բնօրրանի ազատագրված մասը հանձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից պաշտոնական հայտարարություններ և բանակցություններ վարեցին և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը: Այս երեքն էլ մեր ինքնուրույն ազգային անվտանգության հայեցակարգի դոկտրինի մշակումը և ընդունումը անտեսեցին` թողնելով այն բախտի քմահաճույքին, ապավինելով՝ ռուսական ներկայացվածությունը մեր սահմաններին, ռուսական ռազմաբազայի առկայությունը մեր տարածքում, ՀԱՊԿ-ին և այլ ռուսական ենթադրյալ երաշխիքներին:

Հայկական ազգային գիտակցությունը՝ որպես միասնական իրողություն` պատմական հայրենիքի բոլոր տարածքների նկատմամբ իրավունքների ճանաչման, դրանք բռնազավթումից ազատագրման և դրանց վրա անկախ Հայկական պետականություն կառուցելու ուղղությամբ չձևակերպվեց որպես հայ ժողովրդի քաղաքական հայեցակարգ (դոկտրին), դեռ ավելին` ազատագրված հայրենիքի մի մասը և անկախ պետականությունը փորձ կատարվեց դարձնել ազգային անվտանգության խոչընդոտ:

Մենք` որպես ազգ, ապրում ենք արդեն մի քանի հազարամյակ, սակայն երկար ժամանակ կորցնելով մեր պետականությունը` ոչ միայն չենք կարողանում հաղթահարել մեր անկախ պետականության վերականգնման արտաքին խոչընդոտները, այլ նաև չենք կարողանում մեր միջից վերացնել օտար ուժերին ապավինելու սնանկ մտայնության բարդույթը:

1994 թվականի զինադադարը ավարտված է, 25 տարվա քաղաքական զինադադարը նույնպես:

Ազգային, ազատագրական, ինքնապաշտպանական կռիվները թուրք-ազերի-բոլշեվիկյան հարձակումների դեմ մտել են նոր փուլ: Հայաստանի երրորդ հանրապետությունը այլևս գոյություն չունի, արձանագրենք փաստը. նա բռնազավթված է «վերջին բոլշևիկի» կողմից: Թուրք-ազերի-բոլշեվիկյան սպասվող հարձակումները մահաբեր են: Պարտավոր ենք կանխել մահաբեր հարձակումը և ազատագրել բռնազավթումը: Հարձակման թիրախը` ներկայիս հայկական պետականությունն է՝ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և բնակչությամբ:

Մեր Հայրենիքը «քաղաքականապես հոշոտված է», քաղաքական հնարավոր ինստիտուտը, որն ի զորու է սպասարկել  ինքնապաշտպանությունը, դա ժամանակավոր անցումային կառավարությունն է: Ինքնակազմակերպվենք, պաշտպանենք մեզ և մեր Հայրենիքը` ներկայացնենք հայ ժողովրդի քաղաքական ծրագիրը: Ոտքի ելնենք աղետից առաջ:

Զարուհի Փոստանջյան

17.07.2016թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031