Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Մեր ժողովրդի համար խիստ մեծ շռայլություն կլիներ հերոս տղաներ կորցնել թե հայրենիքի պաշտպանության գործում և թե ինչ-ինչ քաղաքական նկրտումների բավարարման համար»

Հուլիս 17,2016 19:35

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանում այլևս անհրաժեշտ է իշխանափոխություն՝ դրանից բխող կադրային լրջագույն փոփոխություններով, սակայն դա պետք է լինի բացառապես քաղաքական պայքարի և քաղաքական գործիքների ու մեխանիզմների միջոցով: Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել երկրում առկա ոչ միայն սոցիալ-տնտեսական բազմահազար խնդիրները, այլև հոգեբանական այն խորը փոսը, որտեղ հայտնվել ենք ազգով, անհրաժեշտ է վերականգնել մարդկանց հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ: Այլ կերպ հնարավոր չէ:

Այն ինչ տեղի է ունենում Երևանում փաստ է՝ լավ օրից չէ՝ աղքատության ճիրաններում հայտնված միլիոնավոր մարդիկ, պարտքերի ու վարկերի տակ կքած հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, արտագաղթի ճանապարհը բռնած տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մեռնող ու քայքայվող մանր ու միջին բիզնես ու տնտեսություն, վերջապես իր ընտանիքի մինիմալ հոգսերը հոգալ չկարողացող հայ տղամարդ: Սա է այսօրվա մեր երկրի իրական պատկերը: Ու սա է մարդկանց ստիպում գնալ նման կտրուկ քայլերի: Կանգ առնել է պետք, մոտեցումների ու վարվող սոցիալական, տնտեսական քաղաքականության վերանայում է պետք: Այլ կերպ մենք ոչ մի տեղ չենք գնալու:

Բոլորովին ցանկություն չունեմ դատավորի կեցվածք ընդունել, մեղադրել կամ արդարացնել այսպես ասած ապստամբություն բարձրացրած մեր հայրենակիցներին: Ցանկությունս միայն մեկն է, որ այս մտահոգիչ իրադարձությունները ավարտվեն հնարավորինս արագ ու առանց անդառնալի կորուստների: Մենք չենք կարող երկիր կառուցել, առաջ գնալ մեր իսկ հայրենակիցների արյան ու կյանքի հաշվին: Ինձ համար խիստ անընդունելի եղել է, կա ու կլինի անմեղ մարդկանց առողջության ու կյանքի հաշվին քաղաքական նկրտումների իրականացումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իրականացնողը և նպատակն ինչպիսինն է:

Այո, ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարծում եմ պետք է պայքարել ու հասնել իշխանափոխության բացառապես օրինական ու ընդունված մեթոդներով, ոչ թե հայրենակցի կյանքի գնով, ոչ թե հայ ընտանիքը առանց հոր, առանց որդու, առանց կերակրողի թողնելու գնով:

Հույս ունեմ, որ այս ամենը հնարավորինս շուտ կավարտվի: Մեր երկիրը կանգնած է արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերների առջև, իսկ այն ինչ տեղի է ունենում մայրաքաղաքում արդեն ունեցավ ու, Աստված չարասցե, դեռ կարող է ունենալ անկանխատեսելի ու ցավալի հետևանքներ:

Վերջին քառօրյա պատերազմից հետո և սահմանին տիրող երերուն իրավիճակով պայմանավորված՝ ուզում եմ բարձր գնահատել հայ ժողովրդի քաղաքական և քաղաքացիական կեցվածքը՝ այսօրվա ստեղծված իրավիճակը և տարատեսակ կոչերը սթափ գնահատելու և չներքաշվելու ոչ մի տեղ տանող այս գործընթացի մեջ: Հակառակ պարագայում մենք ավելի շատ մարդկային կորուստներ կարող էինք ունենալ: Մեր ժողովրդի համար խիստ մեծ շռայլություն կլիներ հերոս տղաներ կորցնել թե հայրենիքի պաշտպանության գործում և թե ինչ-ինչ (կարևոր չէ, թե ում) քաղաքական նկրտումների բավարարման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031