Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Կինոն աղմկոտ բնագավառ է, այդ աղմուկը մեզ էլ էր շրջապատել»

Հուլիս 17,2016 17:30

«Մանրազնին կերպով դիտել ենք բոլոր ֆիլմերը: Ժյուրիի քննարկումներն անցնում էին շատ հետաքրքիր ու համագործակցական ոգով: Քննարկումների մակարդակն այն չէր՝ հավանել ես, թե չես հավանել: Ուշադրություն էինք դարձնում բովանդակությանը, ձեւաչափին, ֆիլմում ռեժիսորի վերաբերմունքին, ինչը երեւում էր: Առանց մեծ դժվարությունների ու խնդիրների եկանք ընդհանուր եզրակացության»,- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ Ֆրեդ Քելեմենը:

Հուլիսի 10-17-ն անցկացված «Ոսկե ծիրան» 13­-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են դարձել երեկ երեկոյան փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Ի դեպ, նրանք, ովքեր փառատոնային օրերի ընթացքում չեն հասցրել ֆիլմ դիտել, այսօր նույնպես հնարավորություն կունենան դիտելու մրցանակակիր ֆիլմերն ու մի քանի ֆիլմ արտամրցութային ծրագրից:

Փառատոնի ժյուրին այս տարի նախագահում էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Մանսուրյանի խոսքով՝ բարձր որակի փառատոն էր, որն ունեցավ աշխույժ ընթացք:

«Կինոն աղմկոտ բնագավառ է, այդ աղմուկը մեզ էլ էր շրջապատել: Այս ընթացքում ծանոթություններ եղան ոչ միայն ֆիլմերի, այլեւ ժյուրիի անդամների, կինոյին նվիրված մարդկանց հետ: Փառատոնին մասնակցելն ինձ համար հետաքրքիր փորձություն էր»,- նշեց կոմպոզիտորը:

Հագեցած էին ինչպես խաղարկային ու վավերագրական մրցույթները, այնպես էլ «Հայկական համայնապատկերը»: Մրցույթի ժյուրիում էր նաեւ երգահան Մարինա Ալեսը:

«Ինձ համար դժվար էր. միակ հայն էի ժյուրիում: Կարեւոր էր տեսնել՝ ինչպիսին է օտար մասնագետների գնահատականը: Հետաքրքիր տեսակետներ կային:

Հայ կինոյի երիտասարդ ներկայացուցիչները Եվրոպայից, Ռուսաստանից, Հայաստանից իրենց ֆիլմերում նույն հարցադրումներն են անում աշխարհին: Ուրախ եմ, որ անկախ նրանից՝ ինչ է կատարվում, ինչ ծանր կացության մեջ ենք գտնվում, կա ճգնաժամ, թե չկա, հայերն արարում են, հետաքրքիր կինո ստեղծում»,- ասաց Ալեսը:

Խաղարկային ֆիլմերի մրցույթում հաղթած «Բալերի անունները» (ռեժիսոր՝ Բրանկո Շմիդտ (Խորվաթիա) ֆիլմին մրցանակ է շնորհել նաեւ փառատոնի FIPRESCI ժյուրին:

«Տիգրան Մանսուրյանի հետ խոսում էինք, թե ինչպես եղավ, որ մենք նույն ֆիլմն ընտրեցինք: Խորվաթական այդ ֆիլմում ցանկացած ազգ, ժողովուրդ, երկիր իրեն կարող է «կարդալ»: Կինոյի բարձրագույն նպատակն էլ հենց դա է՝ այնպես խոսել սեփական հողի անունից, որ ուրիշ հողի բնակիչն էլ կարդա»,- նշեց FIPRESCI ժյուրիի անդամ, կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Մուրադյանի դիտարկմամբ՝ կինոն դառնում է անողոք, այնպես, ինչպես ժամանակը:

«Դժվար, մարդու վրա ծանրորեն նստած ժամանակներում ենք ապրում: Կինոն փորձում է հասկանալ՝ մարդն ինչպես է դիմադրում այդ ծանրությանը, որքանով է դիմադրում, ինչ է կորցնում այդ դիմադրության մեջ ու ինչ է գտնում: Եկել է ծանր ժամանակների մեջ մարդու փորձության մասին ֆիլմ նկարահանելու ժամանակը»,- ամփոփեց կինոգետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031