«Այս վիճակը հոկտեմբերի 27 է հիշեցնում։ Ես ամբողջ էությամբ դեմ եմ։ Ապստամբության կազմակերպիչներին խնդրում եմ ուշքի գան, իրենց արածն այն չի ստացվելու՝ ինչ ուզում էին։ Սա պետության, երկրի դեմ է, սա նշանակում է գլխատել, ցեղասպանություն պետության նկատմամբ»,֊ Aravot.am֊ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը «Հիմնադիր Խորհրդարանի» կազմակերպած զինված գործողության մասին, որի ընթացքում Էրեբունի վարչական շրջանում ոստիկանական բազա են գրավել, պատանդ են վերցրել ՀՀ փոխոստիկանապետ գեներալ Եղիզարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ գնդապետ Օսիպյանին։ Նաեւ կա մեկ զոհ ոստիկանության կողմից։
Տիկին Բախշյանի խոսքերով՝«Այս ամբողջի պատասխանատուն իշխանությունն է, ով իր ոչ խելամիտ քայլերով՝ թաքուն բանակցություններով, հեղինակազրկելով՝ խոսում է տարածքների զիջման մասին։ Իշխանությունն է հրահրում հասարակության մեջ նման քայլեր՝ տարածքներ չհանձնելու կոչեր անողներին բանտարկելով՝ իր աթոռների ոտքերն է կտրում եւ ինքը պատասխանատու է այս վիճակի համար։ Այդ տղաները ազգասեր, նվիրյալ տղաներ են, բայց այսօր այլ ճանապարհ չգտնելով, ստիպված նման քայլերի են գնացել»։
Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքը՝ որպես մարտի 1 տեսած մարդ, կարծում է, որ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապստամբությանը միանալու կոչերը ներկա իրավիճակում չափազանց վտանգավոր են, քանի որ պատերազմը մեր քթի տակ է, ներսում նման պառակտումներ եւ ապակայունացում չպետք է թույլ տալ։
Բախշյանի կարծիքով՝ ընտրությունների եւ օրինական ճանապարհով երկրում որեւէ փոփոխություն չի ստացվում, բայց ինքն անձամբ հեղաշրջմանը, հեղափոխությանն ու ապստամբությանը դեմ է․«Որովհետեւ հայտնի ճշմարտություն կա՝ հեղափոխությունն անում են ռոմանտիկները, օգտվում՝ սրիկաները։ Որեւէ հեղափոխությունից հետո, պատմությունից հայտնի է, չի ձեւավորվել օրինական իշխանություն, միշտ սրիկաներն են օգտվել։ Ես հավատում եմ քաղաքակիրթ զարգացումներին, քաղաքացիական հասարակությունը կզարգանա, մենք ընտրությունների միջոցով կկարողանանք հաղթահարել այս իշխանության ճգնաժամը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ինձ միշտ թվացել է որ Դուք վաղուց դա մոռացել եք, փաստորեն հիշում եք, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չի: