Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք:
Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների:
Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:
Ուստի ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է:
Կարդացեք նաև
Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության:
Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները»:
Ըստ «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարության՝ «Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով»: