«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» 4-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը:
Միջոցառման ընթացքում 12 վարչական շրջանների տաղավարներում քարվինգի մասնագետները ներկայացրել են ձմերուկ մատուցելու ու ձևավորելու յուրօրինակ տարբերակներ:
Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվել հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար շոու բիզնեսի ներկայացուցիչները նաև ձմերուկի հյուրասիրություն են կազմակերպել:
«Առաջին տարին, երբ անցկացվեց «Ձմերուկի փառատոնը», իհարկե, կար որոշակի մտահոգություն, թե արդյո՞ք այն կընդունվի ու կսիրվի մեր համաքաղաքացիների կողմից: Այս տարիների ընթացքում կարող ենք վստահաբար փաստել, որ փառատոնը ոչ միայն սիրվել է, այլև սպասված տոն է, որն ամառային այս օրերին Երևանին է փոխանցում յուրահատուկ վառ գույներ ու համանման տրամադրություն: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, օրն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով, կազմակերպվել են մի շարք անակնկալներ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ. հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Փառատոնում նաև ամփոփվել է սոցիալական ցանցով նախապես հայտարարված ձմերուկային լուսանկարների մրցույթի արդյունքները: Ի դեպ, հատուկ մրցանակի է արժանացել նաև ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը:
Միջոցառման ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, շնորհավորելով ծրագրի բոլոր մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և Երևանի քաղաքապետի անունից հանձնել շնորհակալագրեր:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն