Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է վտանգավոր Թուրքիայում զինված հեղաշրջման փորձը` Հայաստանի համար

Հուլիս 16,2016 21:00

«Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի ազդեցությունը Հայաստանի վրա չի կարող ազդեցություն չունենալ, թեեւ Թուրքիայի հետ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կապերի բացակայության պատճառով հետեւանքն ուղղակիորեն չի նկատվի, այն տեղի կունենա միջնորդավորված` այլ պետությունների հետ հարաբերություններում»,-կարծում է պատմաբան, «Արեւելք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գեւորգ Մելքոնյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա դեպքերի հետագա զարգացման երկու սցենար առանձնացրեց: Առաջինի դեպքում Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա եւ տարածաշրջանում իր ակտիվ քաղաքականությունը թուլացնելու է նաեւ Արցախի եւ Սիրիայի խնդրի մասով. «Դա մեզ եւ Սիրիայի ժողովրդին թույլ է տալիս թուրքական քաղաքականությունն ավելի թույլ զգալ մեզ վրա»:

Երկրորդ սցենարն, ըստ Գեւորգ Մելքոնյանի, ավելի վտանգավոր է եւ հավանական. «Թուրքիայի ներքին լարվածությունն Էրդողանը խելացի կերպով կուղղորդի տարածաշրջանի վրա, այսինքն` ներքին ընդվզումը կվերափոխվի արտաքին ագրեսիայի` Սիրիայում եւ Արցախում, ինչը կհանգեցնի Արցախի խնդրում Ադրբեջանի ակտիվացմանը: Դրան ականատես եղանք վերջին 2-3 տարում: 2014, 2015թթ. հունվարից հետո Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ակտիվություն արձանագրվեց մինչեւ ապրիլ: Այս տարի` ապրիլյան պատերազմն էլ ինչ-որ տեղ պայմանավորված էր թուրքական գործոնով: Թուրքիայի համար Ադրբեջանը «շեղող գործոն» է: Մեր խնդիրն է` լուրջ պատրաստվել երկրորդ սցենարին»:

Մելքոնյանը հարցադրում արեց` ո՞վ պահեց Էրդողանի իշխանությունը. «Ժողովրդի ազգայնական տրամադրություն ունեցող զանգվածը: Սա Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ համարվող երեւույթ է: Եթե դիտարկենք պատմությունը, այդ երկրի զինվորական հեղաշրջումների մեծ մասին ժողովուրդը փորձեց չմիջամտել, իսկ այս դեպքում փողոց դուրս եկավ ժողովրդի մեծ մասը: Թուրքական «Ֆեյսբուքում» եւ «Թվիթերում» հիմնականում ազգայնական գործիչները ժողովրդին կոչ էին անում դուրս գալ հրապարակ` զինվորների դեմ: Էրդողանին փրկեցին իսլամական ծայրահեղական գաղափարախոսություն եւ ազգայնական տրամադրություններ ունեցող ուժերը: Բնականաբար, Էրդողանին հեղաշրջումից փրկած ուժերը իշխանության ավելի մեծ մասնաբաժին պետք է ստանան. տեսանք, թե ազգայնական ուժերն ինչի վերածեցին Սիրիան: Հետեւաբար, սա մեզ համար շատ վտանգավոր է, քանի որ Թուրքիայում հզորանալու են իսլամիստական-ազգայնական ուժերը եւ տիրապետելու են ավելի մեծ լծակների»:

Գեւորգ Մելքոնյանը նկատեց` ինչպես պատմությունն է փաստում, Թուրքիայում ահագնացող ազգայնական տրամադրության սլաքները մշտապես ուղղվում են հայ ժողովրդի դեմ. «Հետեւաբար, վտանգ կա: Ի դեպ, ազգայնականների գրառումներում նշվում էր` ովքեր մասնակցում են հեղաշրջմանը, ծառայում են հայերին, հույներին եւ հրեաներին»:

Մեր զրուցակիցը նաեւ փաստեց, որ Հայաստանում շատերը ոգեւորված են թուրքական ռազմական հեղաշրջման փորձի փաստով, բայց իրականում ակնառու է մտահոգվելու առիթը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Սրան որտեղի՞ց եք գտել։

  2. Narine says:

    Լավ վերլուծություն է, բայց մեր հիմնական խնդիրը Ադրբեջանն է

  3. Բկո says:

    Պակաս չունենք ծակ փիլիսոփաների

  4. Levon says:

    Ճիշտ է նկատել Մելքոնյանը Էրդողանին փրկեցին իսլամիստները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031