Արդեն գաղտնիք չէ, որ եռակողմ՝ Պուտին-Սարգսյան-Ալիև պայմանավորվածության համաձայն, Ղարաբաղի որոշ շրջաններ՝ ոչնչի դիմաց /խոսքը գնում է հինգ շրջանների մասին/ ետ են վերադարձվելու Ադրբեջանին, քանի որ Պուտինն ու Ալիևն այդպես են ուզում:
Հարց է առաջանում, թե այդ գործընթացում ո՞րն է Ռուսաստանի շահը: Պատասխանն ակնհայտ է և գոնե երկու շահի մասին կարելի է բարձրաձայնել. մեկ, որ Պուտինը որոշել է այլևս չնեղացնել Էրդողանի և իր եղբայր Ալիևին, և երկրորդ. կույրին անգամ տեսանելի է, որ Ռուսաստանն արդեն իսկ նախագծել է Ղարաբաղ-Ադրբեջան անվտանգության գոտին և փորձում է չափազանց արագ այդ գոտին լցնել ռուսական զորքով, որպեսզի միանգամից երկու նապաստակ խփի. կանխարգելի ՆԱՏՕ-ի կամ այլ երկրների զորքերի մուտքը տարածաշրջան և փորձի Կովկասը վերցնել իր հսկողության տակ (Վրաստանի ընդդիմանալու պարագայում, կփորձի նրան ուժով սաստել):
Իհարկե, Հայաստանի համար սա կլինի ամենամահացու և ամենավատթարագույն տարբերակը, քանզի հինգ շրջանների վերադարձից և ռուսական զորքերի տեղակայումից հետո, նրանք կսկսեն Ղարաբաղի մյուս շրջանները ևս աստիճանաբար վաճառել Ադրբեջանին, քանի որ իրենք են լինելու տեր ու տիրականը այդ տարածաշրջանում («կոլցո» օպերացիան դրա վառ օրինակներից է): Եվ շատ հետաքրքիր է, թե այդ դեպքում ի՞նչ են անելու Հայաստանն ու Ղարաբաղը: Աստված մի արասցե, որ ռուսները փորձեն ավելի մեծ վատություն անել խոնարհ Հայաստանին, փորձեն Զանգեզուրը ևս հանձնել Ադրբեջանին (ես հասկանում եմ, որ շատերը կմտածեն, թե հաստատ խելագար է այս նյութի հեղինակը, այս ինչեր է ասում: Ոչինչ, թող մտածեն, միևնույն է կյանքն է ցույց տալու, թե ովքեր են իրական խելագարները), այդ դեպքում ինչ է սպասվում մեզ:
Դա ուղղակի կլինի այն ծրագրի շարունակությունը, ինչը ռուսները չեն հասցրել անել 1918-1920 թվականներին: Սրանից լավ առիթ էլ ե՞րբ կլինի, որ ռուսներն ամբողջականացնեն իրենց պլանի ի կատար ածումը (դա կլինի պարզ առևտուր, նրանք ուղղակի կփորձեն Ղարաբաղն ու Զանգեզուրը չափազանց մեծ գնով վաճառել Ադրբեջանին): Մեկը հարցնող լինի, բա, էդ դեպքում ինչո՞ւ էր պետք Ղարաբաղյան շարժումը, որի անվան տակ ոսկե սարեր էին խոստանում Հայաստանին ու հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Փաստացի, այդ ժամանակվանից մինչև մեր օրերը, մենք ունեցել ենք տասնյակ հազարավոր զոհեր, երկիրը հիմնահատակ փլուզվել է, արտագաղթը հասել է անասելի չափերի, գործազրկությունը հատել է անընդունելի սահմանները, կոռուպցիան համատարած բնույթ է կրում, մարդկանց հավատն ու հույսը լրիվ ի չիք են դարձել, արժեքների դաշտը լիովին ամայացել է, մարդկային հարաբերությունները դարձել են անտանելի, քաոսը երկիրն առել է իր քուլաների մեջ, ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից: Սրա՞նք էին Ղարաբաղյան շարժման պտուղները, հայ ժողովուրդը դա՞ էր ակնկալում Ղարաբաղյան շարժումից: Ի՞նչ է, ռուսնե՞րն են կրել այս տառապանքները, իրենց որդիների արյա՞մբ են ձեռք բերվել այս շրջանները, որ այսօր իրենք են որոշում, թե Ղարաբաղը քանի շրջան ետ հանձնի Ադրբեջանին:
Այս հողերը, որ փորձում են ետ վերադարձնել, այդ դեպքում, արդյո՞ք այդ հազարավոր ընտանիքներին ետ են վերադարձնելու նաև իրենց ողջ և առողջ, մատաղ դարձած երեխաներին: Եթե նրանք մոռացել են այդ անմեղ նահատակներին, հո իրենց ընտանիքներն էլ չեն կարող մոռանալ: Ինչ է ստացվում. եթե պետք է վերադառնայինք նախկին՝ 1988թ. վիճակին, ապա ինչո՞ւ մեր անմեղ երեխաներին մատաղ արեցինք, ինչո՞ւ քայքայեցինք մեր երկիրը, ինչո՞ւ մեր միլիոնավոր հայրենակիցներին մղեցինք՝ լքելու մեր համով հայրենիքը և մաս կազմելու օտարներին:
Քանի դեռ ուշ չէ, պետք է կանգառ անել և վերջ տալ դավաճանությանը, քանզի մեր նահատակների հոգիները վերևից նայելու են մեզ ու թախծոտ հայացքներով շշնջալու են. լավ, ինչո՞ւ արվեց այս ամենը: Հարց, որը պատասխան չունի: Փաստացի, այդ քայլով մենք ապրողների մեջ վերացնում ենք հայրենիքը պաշտպանելու սրբազան գաղափարը: Կույրեր չկան և բոլորը պարզորոշ տեսնում են, որ արյունով ետ բերած մեր սրբազան հողը հեշտ ու հանգիստ ետ ենք տալիս այն թշնամուն, որը երեք ամիս էլ չկա, ինչ նենգաբար մեզանից խլեց մեր հարյուրավոր առյուծ երիտասարդների կյանքը, որոնց հոգիները վերևից ուշադիր՝ գիշեր-ցերեկ զննում են մեր ամեն քայլը: Հողերի ետ վերադարձը, նրանց ընդամենը արհամարհանք ու քմծիծաղ է պարգևելու: Նրանց մեջ մի հարց է առաջանալու. մի՞թե այս ապրողները ևս մեր տեսակն են…
Ավելի մեծ կորուստ, քան հայրենիքն է, գոյություն չունի… Դավաճանությունները երբեք չեն մոռացվում…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ