Լրահոս
Օրվա լրահոսը

«20.000 «ժամկետանց ահաբեկիչներին» կտեղափոխեն Նախիջեւան եւ Ադրբեջան, դա մե՞ր գլխին կջարդվի». ահազանգում է Հացպանյանը

Հուլիս 16,2016 20:02

«Էրդողանի եւ Թուրքիայի` տարածաշրջանում դիրքերի ամրապնդում տեղի ունեցավ: Հիմա Էրդողանը շատ ավելի վստահ եւ ազատ ձեռքերով կարող է խոսել ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ, իսկ տարածաշրջանի ցանկացած խնդրի լուծման հարցում հանդես կգա իր տեսլականով: Դրանով Էրդողանը կարծես թե ցանկանում է սահմանադրական փոփոխությունների հարցը հաջողեցնել` թեկուզ եւ այդ քայլին ընդդիմանալու ներուժ ունեցող «Ժողովրդահանրապետական կուսակցության», «Ազգային շարժման» եւ քրդամետ կուսակցության ընդդիմադիր կեցվածքը չեզոքացնելու հանգամանքներ ստեղծելով»,-Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի համատեքստում Aravot.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Նա վստահ է, որ կատարվածի մասին Էրդողանը նախապես տեղյակ է եղել. «Չէր կարող զինված ուժերում նման գնդապետերի մասնակցությամբ հեղաշրջման փորձի քայլ կատարվեր, նախապատրաստություն տեղի ունենար եւ Թուրքիայի ազգային անվտանգության ծառայություններն անտեղյակ լինեին դրանից: Պատկերացնո՞ւմ եք նախագահի ապարատն անտեղյակ լիներ դրանից: Հաշվարկն այն էր, որ անհաջողություն կգրանցվի, այլ է հարցը, թե ինչ օգուտներ կքաղի Էրդողանը: Նրա թույլտվությամբ կատարվեց այդ ամենը»:

Ըստ Հացպանյանի` դրանով Էրդողանը բանակում «մաքրություն» է անում` ձերբակալելով զինված ուժերի ոչ ցանկալի ներկայացուցիչներին. «Կբերեն-կտեղավորեն իրենց կադրերին` ավելի շատ իսլամական հայացքների տեր սպայակույտի ամրացում տեղի կունենա, ինչն ուղերձ է ԱՄՆ-ին եւ Եվրոպային: Քաղաքական դաշտում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ցույց կտա, որ անգամ զինված հեղափոխության փորձի ժամանակ «տակից դուրս է գալիս»: Տեսանք, որ այն կարողանում է քաղաքացիական շարժում ձեւավորել. մարդիկ դրոշակներով դուրս եկան փողոց եւ բանակային կորպուսի զինվորականների դեմ «դոշ տալով» կռվեցին: Թուրքական դրոշակը ձեռքում` «Ալլահ Աքբար»` «Աստված մեծ է» կարգախոսը փողոց իջեցնելը Էրդողանին հաջողվեց»:

Փորձագետի խոսքով` Թուրքիայում կատարվածն անուղղակի առնչություն ունի Հայաստանի հետ. «Ուժեղ Թուրքիան կբերի տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը: Չէ՞ որ Ադրբեջանը Թուրքիայի «կծող շունն է», Թուրքիան նրան բրդում է, ասում է` հաչա, նա էլ հաչում է հայության վրա: Էրդողանը շատ ավելի հակահայկական դիրքորոշում կորդեգրի եւ տուժողը կրկին Հայաստանը կլինի: Մեղադրում եմ ոչ թե արտաքին ուժերին, այլ մեր քաղաքական իշխանություններին: Մենք որեւէ հայեցակարգ չունենք, թե ինչ լինելու դեպքում ինչ ենք անելու: Թուրքիային սահմանակից փոքր պետություն ենք եւ տարածաշրջանում դաշնակից չունենք, եթե չհաշվենք Իրանին, որ թեեւ իսլամական, բայց հայերի հանդեպ թշնամություն չտածող պետություն է:

Մենք մնալու ենք կոտրած տաշտակի առաջ. «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կազմակերպությունն ինքնին գոյատեւում է թուրքական նեցուկով եւ վաղը մյուս օրը կարող է, Աստված մի արասցե, Սիրիայի եւ Իրաքի «ժամկետանց ահաբեկիչներին» (չեչեններ, դաղստանցիներ, ուզբեկներ եւ այլն) տեղափոխել Ադրբեջան կամ Նախիջեւան: Այդ մոտավորապես 20.000-ոց զանգվածի հետ ո՞վ պետք է գլուխ հանի, մե՞նք, մե՞ր գլխին պետք է ջարդվի…այդ պոտենցիալը կա: Դրա դեմ հայկական պետական միավորի անգործունակ կեցվածքը…Որեւէ պետություն մեզ հետ հաշվի չի նստում, մենք չկանք, մեր չլինելն էլ մեզ համար ամենամեծ վտանգն է լինելու»:

Վերջում Սարգիս Հացպանյանն ակնարկեց, որ վերջերս Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներից են նաեւ ՌԴ քաղաքացի հանդիսացող ուզբեկներ, չեչեններ, դաղստանցիներ, որոնք եւս դասվում են «ժամկետանց ահաբեկիչների» շարքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031