Այն երեկույթի հաջորդ օրը, որտեղ Մարիոն պարել էր ամբողջ գիշեր, Ամինը և Վիկտորը նրան հայտնաբերում են իր անկողնում մահացած: Մի հեռավոր անկյունում կորած այդ տանը, ուր նրանք ապրում են ընկերներով, ամեն ինչ կարծես սկսում է սուզվել խավարի գիրկը, և ամեն կարգի շեղումները դառնում են հնարավոր: Հենց այդ ժամանակ էլ հորիզոնում նշմարվում է ընձառյուծը…
Ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Արմենյանը ծնվել է Բեյրութում, հետագայում տեղափոխվել է Փարիզ: Հայաստանում վերջին անգամ հինգ տարեկանում է եղել:
«Ուրախ եմ, որ իմ ֆիլմով եմ եկել հայրենիք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Կարդացեք նաև
Ռեժիսորը 2006-ին նկարահանել է «Երջանիկ տեսարան» փորձարարական ֆիլմը, որը Լիբանանի պատերազմին վերաբերող ենթագիտակցական հուշեր է վերհանում: 2015-ին նկարահանել է միջին մետրաժի «Ընձառյուծի լռությունը», որի պրեմիերան կայացել է Վիլա դու Կոնդիի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում:
Վիգեն Արմենյանն ասաց, որ չի սիրում իր ֆիլմերում ինչ-որ ուղերձներ դնել. «Ընձառյուծի լռությունը» ֆիլմում կան տեսարաններ, որոնք բացատրված չեն. ուզում եմ, որ դիտողն ըստ իր պատկերացումների ընկալի դրանք: Կինոն մի ամբողջ աշխարհ է: Ես ձգտում եմ ստեղծել այդ աշխարհը»,- բացատրեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ