Aravot.am-ը թուրք իրավապաշտպան Լեւենեթ Շենսեւերին խնդրեց ներկայացնել իրավիճակը Թուրքիայում եւ մասնավորապես՝ Ստամբուլ քաղաքում:
«Կարծես թե կառավարությունը վերահսկողությունը իր ձեռքն է վերցրել: Այս պահին կառավարությանը հավատարիմ 41 ոստիկաններ, 47 խաղաղ բնակիչներ եւ երկու զինվորներ, ինչպես նաեւ հարյուր զինվորները, որոնք փորձել են հեղաշրջում կատարել սպանված են: 1100-ից ավել վիրավորներ կան: Հեղաշրջման փորձի կարեւոր կենտրոնները գրավվել են: Շատ բարձր կոչումներ ունեցող սպաներ ձերբակալվել են»,- ասաց նա:
Լեւենեթ Շենսեւերը համարում է, որ հեղաշրջման փորձ կատարողները մարդու եւ ժողովրդավարական իրավունքներ են ոտնահարել՝ փակելով ճանապարհները, փորձելով կանխել տեղեկատվություն ստանալու իրավունքը. «Այնուամենայնիվ, տարբեր քաղաքական ծագում ունեցող զանգվածային քաղաքացիական դիմադրությունը հաղթեց հանուն ժողովրդավարության: Այսպիսի քաղաքացիական դիմադրություն հեղաշրջման փորձին Թուրքիայի Հանրապետության մեջ առաջին անգամն է, եւ դա վճռորոշ շրջադարձային պահ էր հեղաշրջման փորձը հաղթելու համար»:
Իրավապաշտպանը համարում է՝ եթե հեղաշրջումը հաջողության հասներ, ապա դա ոչ միայն կործանարար կլիներ Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, այլ նաեւ իրավապաշտպաններ, ժողովրդավարական ուժերի եւ ընդհանրապես Թուրքիայում առկա բոլոր խոցելի խմբերի համար: Սակայն, ըստ նրա, հեղաշրջման փորձ տեղի ունենալու հանգամանքը իր ազդեցություն կունենա քաղաքական մակարդակի վրա:
Կարդացեք նաև
«Էրդողանը փորձում էր քրդերի եւ մնացած քաղաքական ուժերի դեմ դաշինք կնքել բանակի հետ: Այս հարաբերությունը, անշուշտ, կփոխվի՝ կախված նրանից, թե Էրդողանը ինչպես կգնահատի վերջին քաղաքական հավասարակշռությունները: Բացի այդ, ես համարում եմ, որ Էրդողանի իշխանությունը կընդլայնվի: Քաղաքացիական դիմադրությունը՝ գործող ռեժիմը պահպանելու համար կուժեղացնի Էրդողանի քաղաքական հզորությունը: Մենք առայժմ չգիտենք, թե արդյոք ապագայում Էրդողանը կփոխի իր հարաբերությունները բանակի հետ, բայց պարզ է, որ ոչինչ չլինի այնպես ինչպես նախկինում էր»,- ասաց Լեւենեթ Շենսեւերը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ