Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված 5 և առավել ծանր վիրավորում ստացած ևս 5 ստեփանակերտցիների ընտանիքներ:
Զոհվածների հարազատներին փոխանցելով Երևանի քաղաքապետի խորին ցավակցություններն ու զորակցությունը, իսկ վիրավորներին էլ մաղթելով շուտափույթ ապաքինում՝ սոցիալական ապահովության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասրակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկա և այլ պարագաներ:
Հարկ է նշել, որ ինչպես Ստեփանակերտի այս, այնպես էլ ԼՂՀ այլ շրջաններից ծանր վիրավորում ստացած և ապրիլյան այդ օրերին Երևանի բուժհաստատություններում համապատասխան բուժում ստացող զինծառայողները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, եղել են աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության ամենօրյա հոգածության ներքո:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն