Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան մտնում է իր նորագույն պատմության ամենադժվար փուլը»

Հուլիս 16,2016 15:22

Aravot.am-ը Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանին խնդրեց անդրադառնալ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին: Թուրքագետը համարում է, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան հայտնվել է բավական խորը ճգնաժամի մեջ:

«Էրդողանի արտաքին քաղաքականության անհաջողությունները ակնհայտ են, Թուրքիան մեկուսացման մեջ է հայտնվել: Աշխարհաքաղաքական բավականին ծանր պարտության եզրին է կանգնած, դրա համար ստիպված քայլ է ձեռնարկել Ռուսաստանի եւ նաեւ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Երկրի ներսում հասարակության բեւեռացումն է բավականին ուժեղանում, դա կապված է ոչ միայն քրդական շարժման ուժեղացման հետ, որը անընդհատ շարունակվում է, եւ իշխանությունները չեն կարողանում վերջ տալ:

Նաեւ արժեքային բեւեռացում է երկրի ներսում. հասարակության տարբեր շրջանակներ տարբեր արժեքներ են դավանում, օրինակ՝ բնակչության մեծ մասը, որ ձայն տվեց Էրդողանին, նա կիսում էր Էրդողանի մոտեցումները կապված երկրի իսլամացման հետ, բայց նաեւ տվյալ հասարակությունում դեռեւս կան ուժեր, որոնք շարունակում են քեմալական մոտեցումը  պետության վերաբերյալ: Սա հասարակության բեւեռացում էր, իսկ ճիշտն ասած,  վերջին ամիսներին նկատվում էր, որ բանակը դժգոհություն է ցուցաբերում Էրդողանի քաղաքականության անհաջողություններից: Զգացվում էր, որ բանակը փորձում է վերադարձնել այն հեղինակությունը, այն ուժը, որ ինքը ուներ մինչեւ Էրդողանը: Ես կանխատեսում էի, որ բանակը ավելի կակտիվանա ու ավելի ուշ, բայց սա ավելի շուտ տեղի ունեցավ, եւ մենք տեսանք՝ բանակն էլ միասնական չէ»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին, ասաց, որ չի կարծում, որ նրա տեղաշարժի մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը. «Ես չեմ կարծում, որ նա երկրից դուրս գալու նպատակ ուներ: Չի բացառվում, որ հատուկ այդպիսի լուրեր էին տարածում, որ զինվորականները, որոնք հեղաշրջում էին արել, նրանց մոտ ապատեղեկատվություն տարածվի: Որովհետեւ հայտնի է, որ այն հյուրանոցը, որտեղ ինքը հանգստանում էր ծովափնյա շրջաններում, փաստորեն այնտեղ ուղարկվել էր ուղղաթիռ եւ դեսանտ իջեցրեցին, որպեսզի կարողանան ձերբակալել Էրդողանին, բայց Էրդողանը դրանից 15 րոպե առաջ այդտեղից գնացել էր: Այսինքն՝ հավանական էր, որ ձերբակալեին: Դրանով էր պայմանավորված, որ վախենում էին Էրդողանի կողմնակիցները»:

Թուրքագետը ընդգծեց, որ շատ կարեւոր էր առաջին բանակի հրամանատարության դիրքորոշումը, որը չպաշտպանեց հեղաշրջման փորձը: Ըստ նրա, պատահական չէ, որ առաջին բանակի հրամանատար Ումիթ Դունդարը նշանակվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Հիմա Թուրքիան այլ կլինի: Ես կարծում եմ, որ այս հեղաշրջման փորձի հետեւանքները, չնայած, որ կարծես թե անհաջող էր, դեռ շատ երկար կզգացվեն: Մի կողմից՝ մենք տեսանք, որ բանակը միասնական չէ. Թուրքիայի համար աննախադեպ երեւույթ էր, նման բան չէր եղել: Մինչեւ այդ, որ հեղաշրջումներ էին տեղի ունենում, ըստ էության, բանակը գործել էր որպես միասնական մի կառույց, այս անգամ այդպես չէր: Մյուս կողմից մենք տեսանք, որ թուրքական հասարակության մեջ բեւեռացումը կա, եւ գնալով ավելի կուժեղանա:

Ես հիմա դա կբնութագրեի որպես Էրդողանի հաջողություն, բայց սա տակտիկական հաղթանակ է: Ինչպես անցած տարի նա կարողացավ կրկնակի ընտրությունների ժամանակ հաղթել: Սա տակտիկական հաղթանակ է, որովհետեւ թուրք հասարակության մեջ այս բեւեռացումը գնալով ուժեղանում է,  այնքան է ուժեղացել, որ բանակի վրա տարածվեց: Այնպես որ՝ կարծում եմ, Թուրքիան մտնում է իր նորագույն պատմության ամենադժվար փուլը, մինչեւ այս այդպիսի ծանր շրջան Թուրքիայի Հանրապետությունը չի ունեցել իր պատմության մեջ, ավելի միասնական է եղել, իսկ հիմա շատ պառակտված հասարակություն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031