Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրմը մամուլի ասուլիս է տվել, որտեղ խոսել է 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Յըլդըրըմն ասել է. «Համբուրում եմ հերոսաբար կռված մեր անվտանգության ուժերի ճակատը։ Փառք Աստծո, մեր ժողովրդի հետ միասին հաղթահարեցինք մի մեծ փորձանք։ Ուրախացնող է, որ այս խառնակչությունը Թուրքիայի ԶՈւ հրամանատարական կազմի հետ կապ չունի, սա ԶՈւ ներթափանցած ահաբեկչական կառույցների խառնակչությունն է։ Այս կապակցությամբ էլ շնորհավորում եմ մեր հրամանատարներին, սպաներին, որոնք սիրում են իրենց հայրենիքը, ժողովրդին ու դրոշը»։