«ՀՀ-ին մեծ հաշվով մնացել է նախկին ԽՍՀՄ տրանսպորտային տարածքը, որը Լարսի թելով ՀՀ-ին կապում է ՌԴ-ի հետ, սակայն տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք նոր կերպով են գծագրում տրանսպորտային հաղորդակցության ուղիները»,-հուլիսի 16-ին «Պոստ Սկրիպտում» ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա բնորոշմամբ` Հայաստանի պես դեպի ծով ելք չունեցող պետություններն ունեն տրանսպորտային հաղորդակցության առանձնահատկություններ, եւ այդ տեսանկյունից հնարավորություններն ավելի նվազ են. «Ծով ունեցող երկրները շուկաների հասանելիության առումով ունեն առավելություն, տրանսպորտային ծախսերը քիչ են, իսկ Հայաստանը ծախսում է: Ծով ունեցող երկրների ներդրումային գրավչությունն ավելի մեծ է»:
Գուցե տպավորություն է ստեղծվում, որ աշխարհաքաղաքական դիրքն անեծք է, սակայն տնտեսագետի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը հաղթահարելի է. «Կարելի է զարգացնել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը` երկաթգիծ, ավտոմոբիլային ճանապարհներ: Կարելի է ինտեգրվել ծովափնյա երկրի հետ եւ զարգացման տրանսպորտային միջանցքներ ստեղծել, կամ զարգացնել այնպիսի արտադրություններ, որոնք արտահանման տեսանկյունից արդյունավետ են: ՀՀ-ն այս ամենն իրականացնելու հետ կապված խնդիրներ ունի, չի կարողանում կառուցել նոր երկաթգիծ Իրանի հետ` պայմանավորված ռուսական կոնցեսիոների ներկայությամբ: Մեր երկաթուղիները մրցունակ չեն անգամ ավտոմոբիլային ճանապարհների հետ»:
Եղիազարյանի դիտարկմամբ` Հայաստանը չի կարողանում ինտեգրվել նաեւ Վրաստանին, վերջինիս եւ Իրանի հետ չունի առեւտրային քաղաքականության իրավական բազա. «Վրաստանը որպես Հայաստանի համար տարանցիկ երկիր իրավական ռեժիմների տարբերություններ ունի, ինչը փակուղի է առաջացնում: ՀՀ արտաքին առեւտրի հաշվեկշիռը մնում է բացասական, արտաքին պարտքը մեծանում է»:
Կարդացեք նաև
Բանախոսի դիտարկմամբ` եթե ՀՀ հեռանկարային շուկաները գտնվում են Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, ՀՀ տրանսպորտային հաղորդակցության միջոցները պետք է ինտեգրված լինեն այդ տարածքներին. «Լարսի ճանապարհն էլ կապող օղակ է հետխորհրդային տնտեսական տարածքի հետ: ՀՀ-ն ինտեգրված է այլ տնտեսական տարածքներին եւ ապրում է «խորհրդային ռեժիմով», ինչը արգելակում է ՀՀ զարգացումը»:
Ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներում քննարկման փուլում գտնվող Իրան-ՀՀ-Վրաստան-Բուլղարիա երկաթգծին, տնտեսագետի խոսքով` այն ձեռնտու է ԵՄ-ին, Իրանին եւ Վրաստանին, իսկ Հայաստանի շահագրգռվածության մասին խոսքելն այս պահին դժվար է, թեպետ ծրագիրը բխում է ՀՀ շահերից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ