«Վաղ թե ուշ այդ ծրագիրը պետք է իրականացվի, արտաքին աշխարհի հետ կապվելու համար ՀՀ-ն պետք է ելք ունենա դեպի Մերձավոր Արեւելք եւ Իրան, մյուս ուղղությամբ էլ Վրաստանի միջոցով պետք դուրս գա սեւծովյան նավահանգիստներ»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հուլիսի 16-ին խոսելով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հեռանկարների մասին, ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա դիտարկմամբ` Իրանը շահագրգռված է Սեւ ծովի միջոցով դուրս գալու եվրոպական շուկաներ, ԵՄ-ն էլ շահագրգռված է դուրս գալ Իրան` Հարավային Կովկասի միջոցով, ուստի ՀՀ-ն եւ Վրաստանը դառնում են այդ միջանցքի կարեւոր ուղիներ. «Իրանն ունի Եվրոպա դուրս գալու տարբեր ճանապարհներ, բայց նրա համար շահավետ է դուրս գալ Հարավային Կովկասի միջոցով: Իրանը հնարավորություն ունի Ռուսաստան դուրս գալու նաեւ Ադրբեջանի միջոցով»:
Անդրադառնալով Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցման մասին տեղեկություններին` Եղիազարյանը նշեց, որ Իրանի մուտքը Հարավային Կովկաս ձեռնտու չէ ՌԴ-ի համար, բայց դա չի նշանակում, որ ծրագրեր չեն իրականացվում. Ռուսաստանին ձեռնտու է թույլ Իրանը, որը ներկայում, սակայն այլեւս չի կրում պատժամիջոցների հետեւանքները:
Ըստ տնտեսագետի` Հայաստան-Իրան երկաթգծի շուրջ աշխարհաքաղաքական բնույթի հայտարարություններ են եղել, սակայն երկու կողմերից իրական քայլեր չեն արվել. «Մեր երկաթգիծը, որն արտաքին շուկաներ դուրս գալու կարեւոր գործոն է, դուրս է բոլոր տեսակի զարգացումներից: Տարածաշրջանի բոլոր երկրները զարգացրել են երկաթգիծը, իսկ մենք մնացել ենք նույնը եւ նոր երկաթուղի չենք կարողանում ստեղծել: Ներկայում գծագրվում է Իրան-ՀՀ-Վրաստան-Բուլղարիա միջանցքը, իսկ մենք ՌԴ-ի հետ հաղորդակցության այլ միջոց չունենք բացի Լարսից, երկաթուղային փոխադրումները դառնում են անմրցունակ: Ո՞վ ներդրում կանի ՀՀ-ում, երբ հայտնի չէ, թե ապրանքները որտեղ են իրացվելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ