Իտալիայում մեկնարկած հեծանվային սպորտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը ստվերվել է թուրք հեծանվորդի պատճառով:
«Սկրետչ» մրցաձեւում հայաստանցի Պավել Ստեփանյանը երկար ժամանակ եղել է վեց առաջատարների մեջ: Սակայն եզրագծից մի քանի շրջան առաջ առաջատարների խումբը բախվել է մեկ շրջան ետ մնացող թուրք մարզիկի հետ, ինչի պատճառով մեծ վթար է եղել: Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մարզիկներից մեկն անգամ դուրս է թռչել հեծանվահրապարակից: Տուժածների մեջ եղել է նաեւ հայ հեծանվորդը: Մրցումները դադարեցվել են եւ հեծանվորդներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Պավել Ստեփանյանը «պրծել է» սալջարդերով, իսկ մյուսները կոտրվածքներ են ստացել:
Հայ հեծանվորդը դրանից հետո, չնայած վնասվածքներին, մասնակցել է 25 կմ անհատական միավորներով մրցավազքին, զբաղեցրել 5-րդ տեղը եւ արժանացել հանդիսատեսի հոտնկայս ծափողջույններին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ, մարզասերները զարմացած են եղել, թե ինչպես է այդքան լուրջ վնասվածքներով Պավելը կարողացել վերադառնալ մրցուղի եւ տեղ զբաղեցնել առաջատարների հնգյակում:
Կարդացեք նաև
Երիտասարդների անցած տարվա Եվրոպայի չեմպիոն 19-ամյա Էդգար Ստեփանյանը առաջին անգամ մասնակցելով մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, 40 կմ միավորներով անհատական մրցավազքում եզրափակել է լավագույն տասնյակը, ինչը մարզչի գնահատմամբ բացառիկ արդյունք է Հայաստանի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ armsport.am-ի