2016թ. հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար թուրքական իշխանությունները մեղադրում են գյուլենականներին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նախագահ Էրդողանը մասնավորապես նշել է «Կոչ եմ անում Փենսիլվանիային (նկատի ունի Գյուլենին,- խմբ.) Այս ժողովրդի, այս պետության հանդեպ կատարածդ դավաճանությունը բավ է։ Եթե կարող ես, վերադարձիր հայրենիք։ Ուժդ չի հերիքելու այդտեղից այս երկիրը խառնելու համար»։
Շարունակելով խոսքը՝ Էրդողանն ասել է. «Թուրքիայում զինված ուժերը երկիր չեն ղեկավարում, չեն կարող ղեկավարել»։
Տեղեկացնենք, որ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը 1999թ. ապրում է ԱՄՆ-ում, ղեկավարում է իր անունը կրող հասարակական-քաղաքական շարժումը։ Սկզբնական շրջանում Գյուլենը սատարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն վերջին 5-6 տարիներին լուրջ հակասություններ էին առաջացել գյուլենականների և Թուրքիայի իշխանությունների միջև։
Կարդացեք նաև
Էրդողան-Գյուլեն հակամարտությունը հատկապես լարվեց 2013թ. դեկտեմբերի 17-ին։ Թուրքիայի արդարադատության համակարգում ամենախոշոր սկանդալներից մեկը համարվում է «Դեկտեմբերի 17-ի հարցաքննությունը» կամ «2013-ի կոռուպցիոն սկանդալը»։ Այդ օրը Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավելի մարդ, որին հետևել են այս գործի քննությամբ զբաղվող ուժային կառույցների ներկայացուցիչների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարվում է թուրքական կառավարության իրականացրած պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։ Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ոստիկանների կողմից ձերբակալվել էին Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և Քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլք։ Նրանք մեղադրվում էին Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն անելու, ֆինանսական այլ բնույթի գործողություններ կատարելու համար։
Գործի շրջանակներում հայտնի էր դարձել, որ իրավապահները գաղտնալսել էին Թուրքիայի նախագահի և վարչապետի հեռախոսները։ Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել էր որպես խափանման միջոց ընտրել կալանքը, մյուս մասն ազատ էր արձակվել։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ թուրք պաշտոնյաների այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, որոնք ներթափանցել են Թուրքիայի ուժային կառույցներ։
Էրդողան-Գյուլեն հակասություններն էլ ավելի սրվեցին վերջին շրջանում, երբ Թուրքիայում փակվեցին որոշ լրատվամիջոցներ, որոնք համարվում էին Գյուլենական շարժման խոսափողները։