Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված այս լարված փուլում, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչող «փոխզիջումային» հայտարարությունների ֆոնին ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ Արցախում անցկացվող սոցիոլոգիական հարցումները ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը պրովոկացիա եւ դավաճանություն է համարում:
– Պարոն Բադասյան, տարիներ առաջ Սերժ Սարգսյանի կողմից եղավ հայտարարություն, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Երեկ Հանրապետականներից մեկը հայտարարել է, որ կարելի է Ղարաբաղի անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ Ղարաբաղի անվտանգության դիմաց: «Եթե, օրինակ, Աղդամը տանք ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»՝ ասել է ՀՀԿ–ական Լեռնիկ Ալեքսանյանը: Ի՞նչ եք կարծում՝ պատահակա՞ն է շրջանառվում այս միտքը:
– Տարիներ առաջ, երբ դեռ Սերժ Սարգսյանը նախագահ չէր եւ ասաց այդ միտքը, ինքն իր պատասխանը ստացավ հասարակության, արցախցիների, քաղաքական գործիչների կողմից: Այսօր այո, այդ տրամաբանությամբ առաջ են գնում Հանրապետականները: Ես ասեմ ձեզ, որ դա իրենց չի հաջողվելու: Որովհետեւ այսօր նրանք իսկապես չեն հասկանում, որ դրանով վտանգում են մեր ժողովրդին, եւ մենք՝ արցախցիներս, ամեն ինչ կանենք, թույլ չենք տա խաթարել արցախցիների անվտանգությունը: Որովհետեւ տարածքների զիջումը բերելու է պատերազմի: Ադրբեջանի ախորժակն այդքան փոքր չէ, որ դրանով հարցը լուծվի, Ադրբեջանը մինչեւ Երեւան է ուզում, ուստի ոչ մի զիջում չպետք է թույլ տալ՝ Ադրբեջանի ախորժակը չգրգռելու համար: Փոխզիջման մասին խոսելուց առաջ մենք պիտի գանք 1994 թվականի Մինսկի խմբի համանախագահների առաջին հայտարարությանը, որ երկու երկրների միջեւ առաջին հերթին պետք է փոխվստահություն ձեւավորվի: Այսօր մենք չունենք այդ վստահությունը Ադրբեջանի նկատմամբ, որ գնանք տարածքների զիջման: Հենց տարածքները զիջեցինք, պատերազմ է սկսվելու: Դա պետք է հասկանան Հանրապետականները: Հետո, Հանրապետականներից ոչ մեկը բանակում չի ծառայել եւ մարտի չի գնացել, նրանք մարտ տեսած չեն, նրանք մարտերից վախենում են, դրա համար անհնար են համարում պատերազմով երկիր պահելը: Մենք պատերազմել ենք եւ տեսել ենք այդ ամենը, հիմա հեշտությամբ էլ կարող ենք պահել, բայց նրանք չեն տեսնում այդ հնարավորությունը:
– Կարծում եք իրականում կա՞ փոխզիջումների գնալու առաջարկ:
Կարդացեք նաև
– Նման խոսակցություններ կան: Փաստն այն է, որ ոչինչ չի ձեռնարկվում տարածքները հետ վերադարձնելու, ռեալ կա փաստ, որ շարունակվում է հողեր հանձնելու գործընթացը, ռեալ կա փաստ, որ Արցախում սոցհարցումներ են կատարվում այն խավի մասնակցությամբ, ովքեր իշխանամետ են, ովքեր ստամոքսով են առաջնորդվում կամ վախեցած են՝ պայմանավորված պաշտոնով, աշխատանքով, բարեկամի պաշտոնով: Հարցվողները չգիտեն՝ ինչ պատասխան տան, որ գոհացնեն իշխանություններին: Սա նույնպես պրովոկացիա է, դավաճանական արարք, սա պատմականորեն դավաճանական քայլ է:
Սյուզաննա Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում