2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայի ԶՈւ մի մասը փորձեց հեղաշրջում իրականացնել Թուրքիայում։ Այդ երկրի պետական TRT հեռուստաընկերության հաղորդավարուհի Թիժեն Քարասը պատմել է, թե ինչպես են մի խումբ զինվորականներ գրավել հեռուստաընկերության շենքը և զենքի սպառնալիքներով ստիպել կարդալ իրենց հեղինակած հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է Son Dakika-ն։
Այն բանից հետո, երբ զինվորականները լքել են թուրքական պետական հեռուստաընկերության շենքը, TRT ղեկավար Շենոլ Շոքան և Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Սուլեյման Սոյլուն հեռուստաընկերության շենքի առջև դիմել են Թուրքիայի ժողովրդին, որի ընթացքում ներկայացրել են մի շարք մանրամասներ։
TRT ղեկավարի և թուրք նախարարի հետ միասին խոսել է նաև հեռուստաընկերության հաղորդավարուհի Թիժեն Քարասը, որը զինվորականների պարտադրանքով մի քանի անգամ ընթերցել է հեղաշրջման փորձ իրականացնողների հեղինակած հայտարարությունը։ Ըստ այդմ՝ Թուրքիայում իշխանությունն անցել էր զինվորականների ձեռքը։ Քարասի խոսքերով. «Նրանք հետևում էին մեր ամեն մի շարժումը։ Երբ կարդում էի հայտարարության տեքստը, ես զինվորականների զենքերի սպառնալիքների տակ էի»։