Լրահոս
Օրվա լրահոսը

Չգործող տարբերակներ

Հուլիս 16,2016 10:00

Վերջերս համացանցում գտա 2001 թվականի «Ա1+»-ի իմ հարցազրույցը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որում նա, մասնավորապես, արտահայտել է հետեւյալ մտքերը. «Գիտեք, եթե լուծումը Ղարաբաղի կարգավիճակի լինի այնպիսին, ինչպես որ մենք ձգտում ենք դրան, այո, այդպիսի բան կա: Այո, այդ վեց տարածքները, բացի Լաչինի շրջանից, պայմանագիրը կամ խաղաղության փաստաթուղթը ենթադրելու է, որ վերադարձվելու են Ադրբեջանին: Ես նորից եմ կրկնում, հստակորեն որակավորում եմ, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լինի այնպիսին, ինչպես որ մենք ցանկանում ենք»: Մեկ այլ տեղում. «Գիտեք, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձնել»:

Սա ես հիշեցնում եմ ոչ թե նրա համար, որ ինչ-որ բանում մեղադրեմ «Համախմբում» կուսակցության ներկայիս լիդերին: Հակառակը` կարծում եմ, որ նա կայացած արտգործնախարար էր, եւ իմ մտավախությունները «Համախմբում» կուսակցության հետ կապված են բոլորովին այլ խնդիրների հետ: Ուրիշ հարց, որ ցանկացած «նախորդ իշխանություն» ավելի վառ գույներով է ներկայացնում իր ղեկավարած շրջանը, քան դա իրականում եղել է: Մասնավորապես, ասում է` «դուք ծախում եք Ղարաբաղը, իսկ մենք չէինք ծախում»: Բայց դա, ի վերջո, մանրուք է` հաշվի առնելով մեր առջեւ կանգնած լրջագույն մարտահրավերները:

Մանրուք չէ, իմ կարծիքով, հետեւյալը. 22 տարի շարունակ մեր բոլոր իշխանություններն այն համոզման էին եւ են, որ մենք ազատագրել ենք (ավելի լավ է` օգտագործենք այդ բառը) նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքները այն նպատակով, որ դրանք փոխանակենք Ղարաբաղի կարգավիճակի հետ: Եվ միջնորդները միշտ աշխատել են եւ աշխատում են հենց այդ գաղափարի զանազան տարբերակների վրա (բացառությամբ «Քի Ուեսթի», որն, իհարկե, ամենավատ տարբերակն է):

Այսօր արդեն պարզ է, որ դա մեթոդոլոգիական սխալ է: Ես դեմ եմ ամպագոռգոռ բառերին` «դավաճանություն», «հանցագործություն», «ծախում են», «հայանպաստ», «ադրբեջանանպաստ» եւ այլն: Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ադրբեջանը համաձայն չէ տալ Ղարաբաղին որեւէ կարգավիճակ` իր իրավասությունից դուրս: Խնդիրն այն է, որ այդ տարբերակներն ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԵՆ` քաղաքականապես, ռազմական առումով եւ նույնիսկ տեխնիկապես: Դրա մասին շատ է գրվել` չեմ ուզում կրկնվել: Մեր քաղաքական գործիչներն ու դիվանագետները պետք է մտածեն կարգավորման սկզբունքորեն այլ` «ոչ փոխանակային» մոդելի մասին: Իսկ բոլորս միասին պիտի պատրաստվենք նոր պատերազմի:

Չեմ կարծում, որ կա աշխարհում որեւէ հայ, որն այսօր համաձայն լինի տարածքների հանձնմանը: Բայց եթե ինչ-որ մեկի մտքով նման բան է անցնում, ապա խնդրում եմ հիշել Ուինսթոն Չերչիլի միտքը. «Եթե երկիրը, ընտրություն կատարելով պատերազմի եւ խայտառակության միջեւ, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է ե՛ւ պատերազմ, ե՛ւ խայտառակություն»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,

    խնդրեմ, կպարզաբանեք, թե ինչ է նշանակում կարգավորման ոչ փոխանակային մոդել ???:

    Եթե անգամ պատերազմ լինի, բայց կապիտուլյացիա չլինի, ինպչես կարող է խնդիրը կարգավորվել ???:

  2. Լավատես says:

    `Մեր քաղաքական գործիչներն ու դիվանագետները պետք է մտածեն կարգավորման սկզբունքորեն այլ` «ոչ փոխանակային» մոդելի մասին`

    Իմ սիրողական գաղափարախոսությունը այդ հարցում.
    Դպրոցում սովորեցնում էին, որ եթե գայլերը չուտեին հիվանդ եղնիկներին, որոնք վատ են պաշտպանված՝ վատ են վազում, ապա այդ հիվանդ եղնիկները կվարակեին առողջներին կամ էլ հիվանդ սերունդներ կտային, որը շատ ավելի մեծ վնաս կտար եղնիկների տեսակի գոյությանը: Եւ հակառակը՝ եթե գայլն է հիվանդ, ապա նա չի կարող եղնիկ բռնել ու սովից սատկում է, դրանով փրկելով գայլերի տեսակը վարակից ու հիվանդ սերունդներից: Եթե տեսակը ի վիճակի է իր հիվանդ անհատներին բուժելու ու թիկունք կազմելու, ապա այդ տեսակին պետք են ավելի զարգացած թշնամիներ: Այդ գոյության պայքարը գոյության իմաստն է դառնում բոլոր տեսակների համար:
    Հիվանդ տեղաբնիկ ժողովուրդները վատ են պաշտպանում իրենց տարածքները առողջ քոչվորներից ու ոչնչանում են, իսկ հիվանդ քոչվոր ժողովուրդները չեն կարողանում կոտրել առողջ տեղաբնիկների պաշտպանությունը ու ոչնչանում են:
    Հետեւություն.
    Ա Մենք առողջ ենք, քանի դեռ մեր անհատական գոյության իմաստը մեր ազգի գոյության իմաստի մեջ է:
    Բ Մենք տեղաբնիկ ազգ ենք եւ պետք է ստեղծենք տեղաբնիկ ժողովուրդների ու ազգերի համատեղ օրենք, համատեղ դրամ ու տնտեսություն ու համատեղ բանակ, անկախ այդ տեղաբնիկ ժողովուրդների ու ազգերի քանակից ու պետական կառուցվածքից:
    Գ Զորավարժություններում հնարավոր թշնամին պետք է ավելի հզոր, խորամանկ ու խարդախ լինի, քան իրական քոչվոր թշնամին:

  3. Da Ajdpes Chi says:

    Պարոն Աբրահամյան ես տենց էլ չհասկացա, բա Լևոն Տեր-Պետրոսյանին ինչու՞ հրաժարականի պահանջ ներկայացրեցին: Կարողա՞ ընտրությունները արդար չէին անցել դրա համար: 🙂

  4. «Իսկ բոլորս միասին պիտի պատրաստվենք նոր պատերազմի»Ա.Ա. :

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031