Այս պահի դրությամբ դեռ վերջնականապես հայտնի չէ, թե ինչ է կատարվում Թուրքիայում, բացի նրանից, որ Անկարայում եւ Ստամբուլում երկնքում ուղղաթիռներ են պտտվում, կրակ է արձակվում, Անկարայի փողոցներում տանկեր կան, փակ է Ստամբուլի միջազգային օդանավակայանը, անջատվել է հանրային հեռուստատեսությունը, անջատված են սոցիալական ցանցերը՝ Ֆեյսբուքը, Թվիթերը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է այն մասին, որ երկրում հեղաշրջում է իրականացվել:
Այս ամենի մասին տեղեկանում ենք միջազգային լրատվամիջոցներից: Առաջին տեղեկությունները Անկարայից ստացվեցին կեսգիշերին մոտ՝ հուլիսի 15-ին, ժամը 23:50-ի կողմերը, երբ հայտարարվեց, որ Անկարայի երկնքում ուղղաթիռներ եւ կործանիչներ են պտտվում: Այդ ժամին լսվեցին առաջին կրակոցները Անկարայում եւ Ստամբուլում:
«Մի խումբ զինվորականներ, օգտագործելով իրենց տրված զենքը եւ լիազորությունները, փորձ են արել իրականացնել անպատասխանատու, անօրինական գործողություններ… Այնքան էլ ճիշտ չէ դա հեղաշրջում անվանելը, ամեն դեպքում, թող մեր քաղաքացիները հանգիստ լինեն, մենք ամեն ինչ կանենք կարգուկանոնի եւ խաղաղության պահպանման համար: Մեղավոր անձինք ամենախիստ պատիժը կստանան»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը NTV հեռուստաընկերությանը տված հեռախոսային հարցազրույցում՝ հուլիսի 16-ին ժամը 00:03-ին:
Սակայն դրանից ընդամենը կես ժամ անց Թուրքիայի բանակի գլխավոր շտաբից հայտարարություն են տարածել, թե Թուրքիայի ղեկավարությունը ձերբակալված է, եւ իշխանությունը փոխվել է: Գլխավոր շտաբից նաեւ հայտարարել են, թե Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի հեղաշրջումից հետո: Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարված եւ պարետային ժամ:
Կարդացեք նաև
00:50- Հայտարարվեց, որ Գլխավոր շտաբի ղեկավարը զինվորականների կողմից պատանդ է վերցվել: Ասվում է նաեւ մի քանի այլ պատանդների մասին՝ բանակի ղեկավարության շրջանում:
00:58- Բինալի Յիլդիրիմը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է աշխատել:
01:07- Հայտարարվում է, որ Ստամբուլում Թուրքիայի նախագահ Էրդողանի նստավայրը ուժեղացված հսկողության տակ է, մինչ այդ ասվել էր, որ Էրդողանը անվտանգ վայրում է:
01:14- Հայտարարվում է, որ Էրդողանը ուղեւորվում է դեպի օդանավակայան: Ասվում է նաեւ, որ բոլոր ռազմավարական օբյեկտները՝ ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում, զինվորականների հսկողության տակ են: Զինվորականները, ըստ տեղեկությունների, մտել են նաեւ ամենահայտնի հեռուստաընկերություններ՝ NTV, CNN Turk, HaberTurk:
01:20- Տեղեկացվում է, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը ստիպել է հարեւան Հունաստանին՝ զինված ուժերը ռազմական պատրաստվածության բերելու:
01:21- Թուրքիայի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն:
01:27-Թուրքիայի ազգային հեռուստատեսությունը վերականգնեց եթերում հեռարձակումը:
01:30- Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն այլեւս չեն կարող իրականացնել իրենց լիազորությունները, եւ իշխանությունն անցել է բանակին:
01:37- Էրդողանի կողմնակիցները դուրս են գալիս փողոց: Ստամբուլում սպասվում են խժդժություններ: Էրդողանը skipe-ով հարցազրույց է տալիս CNN Turk-ին եւ հայտարարում, որ ռազմական հեղաշրջման փորձն ուղղված է ժողովրդավարության դեմ: Նա նաեւ կոչ է արել իր կողմնակիցներին՝ դուրս գալ փողոց: Արդեն իսկ Ստամբուլի փողոցներում սկսել են հավաքվել Էրդողանի կողմնակիցները: Որոշ չճտված տեղեկությունների համաձայն՝ մեկ զոհ կա՝ Էրդողանի կողմնակիցների շրջանում:
01:50- Չճշտված լուրերի համաձայն՝ Էրդողանը Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել:
01:59- Հայտարարվեց, որ Անկարայում ուժեղ պայթյուն է լսվել: Առայժմ պարզ չէ՝ ի՞նչ էր եւ ինչո՞ւ:
02:00- Արդեն հայտնի է, որ Թուրքիայի հարեւան Իրանի եւ Հունաստանի անվտանգության խորհուրդները արտակարգ նիստեր են գումարել՝ Թուրքիայում իրավիճակի կապակցությամբ:
02:01- Ստամբուլում Էրդողանի կողմնակիցները՝ նրա հեռուստատեսային կոչից հետո՝ դուրս գալ փողոց եւ բողոքել, սկսել են հավաքվել փողոցներում: Անկարայում, ըստ չճշտված լուրերի, ուղղաթիռներից կրակոցներ են արձակվում քաղաքի վրա:
02:02- Անկարայում հնչեց երկրորդ ուժգին պայթյունը:
02:15- Թուրքիայի պառլամենտի մոտ տանկերը կրակ են բացել:
02:16- ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի միջոցներ՝ Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիկ» ռազմաբազայի անվտանգությունը պահպանելու համար:
02:20- Հենց այս պահին CNN-ով ուղիղ եթերում ցուցադրում են Ստամբուլի օդանավակայանը, որտեղ հավաքված են բազմաթիվ մարդիկ, հասկանալի չէ՝ հեղաշրջմա՞ն կողմնակիցները, թե՞ Էրդողանի: Դատելով նրանից, որ նրանք նաեւ տանկերի վրա են բարձրացել, նրանք հեղաշրջման կողմնակիցներն են:
02:31- Հենց այս պահին CNN-ի ուղիղ եթերում Ստամբուլի փողոցներն են, որտեղ բազմաքանակ մարդիկ են հավաքված, եւ լսվում են կրակոցների ձայներ: Կադրերում երեւում են վիրավորներ, որոնց մարդիկ ձեռքների վրա տեղափոխում են: Բաց փողոցներում մարդիկ սողեսող են շարժվում, ինչից ենթադրելի է, որ կրակոցները ուղղված են նրանց:
02:35- Ըստ Թուրքիայի փոխվարչապետի՝ կառավարությունը դեռեւս իշխանության տերն է: Իսկ պաշտպանության նախարարը NTV-ին տված հարցազրույցում ասել է, թե բանակի մեծամասնությունը չի պաշտպանում հեղաշրջումը: «Թուրքական բանակը չի կարող ղեկավարվել Փենսիլվանիայից եկող հրահանգներով»,-ասել է նախարարը՝ նկատի ունենալով ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի բնակավայրը, որին նախագահ Էրդողանը մեղադրել է հեղաշրջումը կազմակերպելու մեջ:
02:36- Տեղեկություններ կան, որ Ստամբուլում երեք վիրավոր կա:
02:42- Վրաստանը եւ Իրանը, ըստ տեղական ԶԼՄ-ների, փակել են Թուրքիայի հետ սահմանը:
-Հաղորդվում է, որ անկարգություն է տիրում Թուրքիայի քաղաքներում: Մարդիկ գրոհել են խանութները, բանկոմատները, բենզալցակայանները: Մասնավորապես, Անթալիայից BBC-ի լրագրողը նկարագրելով իրավիճակն ասել է, որ ոչ ոք չի կանգնում կարմիր լույսի տակ, բոլորը մեքենաներով փողոցներում են, խցանումներ են առաջացել:
02:53- CNN-ի ուղիղ եթերում վարչապետ Յիլդիրիմի գլխավոր խորհրդական Ջեմալ Հասիմին, պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է Էրդողանն այս պահին, պատասխանեց, որ նա Ստամբուլում է:
03:04- Թուրքական NTV-ն հաղորդեց, որ թուրքիայի օդուժի կործանիչը քիչ առաջ ոչնչացրել է Անկարայի վրա պտտվող ռազմական մի ուղղաթիռ: Հավանաբար Անկարայում լսված ուժգին 3-4 պայթյունների ձայներից մեկը հենց այդ կործանված ուղղաթիռի պայթյունն էր:
03:14- CNN-ի ուղիղ եթերում այս պահին Ստամբուլի օդանավակայանն է, որտեղ անկարգություն է տիրում, մարդիկ պարզապես անցնում են մաքսային եւ սահմանային անցակետերը, բազմաթիվ զինված մարդիկ են երեւում, տանկեր կան օդանավակայանում:
03: 18 «Ջումհյուրիեթը» ասում է, որ Անկարայում, ոստիկանության գլխավոր շտաբում զոհվել է հատուկ նշանակության գնդի 17 ոստիկան:
03:20- Ըստ չճշտված աղբյուրի՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ձերբակալվել են հեղաշրջման մի քանի կազմակերպիչ:
03:25- Փենսիլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեյթուլլահ Գյուլենի կողմնակիցները հերքում են Էրդողանի մեղադրանքները, թե իրենք են կանգնած հեղաշրջման հետեւում:
03:30- Թուրքիայի խորհդրարանը պատրաստվում է վաղը արտակարգ նիստ անցկացնել:
03:31- Ստամբուլի նահանգապետը Ստամբուլում հայտարարել է, որ հեղաշրջման փորձը կանխվել է, ձերբակալվել են հեղաշրջման չորս նախաձեռնողները:
03:35- CNN-ի ուղիղ եթերում այս պահին կադրեր են, որոնցում երեւում է, թե ինչպես են ոստիկանները տանում ձերբակալված մարդկանց՝ բանակային հագուստով:
03:39- Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Անկարայի երկնքում երեւացող բոլոր թռչող սարքերը կոչնչացվեն:
03:39-Թուրքական NTV-ն հաղորդում է, որ զինվորականները լքում են իրենց դիրքերը Անկարայում:
03:46- CNN-ի ուղիղ եթերում Ստամբուլն էր, որտեղ մարդիկ՝ ենթադրաբար Էրդողանի կողմնակիցները, շրջափակել են մի տանկ, եւ գոռում-գոչումներով , վեր պարզած ձեռքերով, կարծես ամոթանք են տալիս տանկի վրա նստած երիտասարդ զինվորականներին: Նրանք մի քանի անգամ օդ կրակեցին, սակայն մարդիկ չեն նահանջում:
03: 48- Իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ ոչ այնքան պարզ: Հասկանալի չէ այս պահի դրությամբ, թե ո՞ւմ ձեռքն է վերահսկողությունը: Հեղաշրջման նախաձեռնողները ռազմական դրություն են հայտարարել, իշխանությունները ասում են, որ հեղաշրջման հեղինակները պատժվելու են ամենայն խստությամբ եւ հայտարարում են, որ ձերբակալվել են հիմնական կազմակերպիչները:
03:50- Թուրքիայի բանակի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը չի հաջողվել: Գեներալն ասել է, որ կառավարությունը վերահսկում է իրադրությունը:
04:00- Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերը դատապարտել են հեղաշրջման փորձը: Թուրքիայի պառլամենտի մոտ մի քանի պայթյուն է լսվել, ենթադրաբար՝ ռումբեր են նետվել:
04:27- Հայտնի դարձավ, որ Էրդողանը մի քանի ժամից կոչով դիմելու է ժողովրդին:
04:28- Ասվում է, որ Էրդողանի ինքնաթիռը ուղղվել է դեպի Ստամբուլ:
04:29- Հայտարարվեց, որ Թուրքիայի ազգային հեռուստատեսությունը նորից անցավ կառավարության վերահսկողության տակ:
04:33-Թուրքիայի պառլամենտի ուղղությամբ հնչած ուժգին պայթյունները, ենթադրաբար՝ նետված ռումբերի արդյունքում, որոշ տվյալներով, արդեն 4-ն են: Ըստ NTV-ի տվյալների՝ ռումբերը նետվել են F-16 ինքնաթիռից: Մինչ այդ հաղորդվում էր, որ պառլամենտի գլխավերեւում պտտվող ռազմական ուղղաթիռներից պարբերաբար կրակ է արձակվում պառլամենտի ուղղությամբ: Հայտարարվում է, որ 12 վիրավոր կա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
04:30- Հայտարարվեց, որ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստամբուլում:
04:31- Ըստ որոշ տեղեկությունների՝ CNN Turk-ի շենք են մտել հեղաշրջման կողմնակիցներ:
04:45- Ստամբուլի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ ընդամենը 104 զինվորական է ընդգրկվել հեղաշրջման փորձի մեջ: Նրանց առաջնորդը համարվում է Գոլ Մուհարեմ Քոսեն (Col Muharrem Kose), որը վերջերս էր ազատվել աշխատանքից՝ որպես գյուլենական:
04:53- Ամենայն հավանականությամբ՝ լուրերը, որ ապստամբներ են մտել CNN Turk-ի մեդիակենտրոն, ճիշտ են, քանի որ CNN Turk-ը դադարեցրեց հեռարձակումը, եթերում միայն մեդիակենտրոնի դատարկ սենյակն է երեւում, լսվեցին կրակոցներ եւ ճիչեր: Ըստ թվիթերյան որոշ գրառումների՝ լրագրողների զենքի սպառնալիքով հեռացրել են հեռուստատեսության շենքից:
04:58- Քիչ առաջ հզոր պայթյուն ձայն է լսվել Ստամբուլի օդանավակայանում:
04:59- Հայտնի դարձավ, որ Բուլղարիան նույնպես փակեց Թուրքիայի հետ սահմանը: Ավելի վաղ նման հայտարարությամբ էին հանդես եկել Վրաստանն ու Իրանը:
05:00- Չճշտված լուրերի համաձայն՝ Էրդողանը, այն բանից հետո, երբ պայթյուն է որոտացել Ստամբուլի օդանավակայանում, որտեղ քիչ առաջ վայրէջք էր կատարել նրա ինքնաթիռը, կրկին նստել է ինքնաթիռ եւ փորձում է հիմա լքել Ստամբուլը:
05:10- Երկու ուժգին պայթյուն է լսվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Ենթադրաբար կործանիչ ինքնաթիռի նետած ռումբն է եղել պայթյունների պատճառը:
05:18- TASS-ի հաղորդմամբ՝ Էրդողանը մոտեցել է Ստամբուլի օդանավակայանում հավաքված լրագրողներին:
05;20- CNN- եթերում այս պահին CNN Turk-ի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը պատմում է, որ CNN Turk-ը դադարեցրեց հեռարձակումը, երբ ապստամբ զինվորները մտան ստուդիա: Նրա խոսքերով՝ հեռուստատեսության շենքից վիրավորների են հանում հիմա:
05:25- Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում ասել է, որ Թուրքիայում կատարվածը ապստամբություն էր երկրի միասնականության եւ համախմբվածության դեմ: Նա նաեւ ասել է, որ կատարվածը նվեր էր Աստծու կողմից, քանի որ բանակը մաքրվում է:
05:28- SKYnews-ի տվյալներով՝ այս պահի դրությամբ 150 վիրավոր կա հիվանդանոցներում:
Ria.ru-ի, BBC.com-ի, meduza.io-ի եւ CNN-ի հեռուստատեսային հրապարակումների եւ այլ աղբյուրների հիման վրա պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ