Լրահոս
Օրվա լրահոսը

Փուշ կերած կովի երազանք

Հուլիս 16,2016 17:00
merujan Ter-Gulanyan

Մի օր սրճարանի իմ սեղանակից ընկեր-տղերքին ասացի՝ բարի գիշեր, ես գնացի…
Գնացի ու չկարողացա քնել, ինչպես հաճախ եւ ինչպես գրեթե ամեն օր:
Այդ օրը դաժանորեն ինձ հետապնդում էր այն միտքը, թե ամեն երազանք չէ, որ կյանք է դառնում, չնայած որ մեր ապրած օրերը երազի պես են այսու:
Երազեցինք պետություն եւ ունեցանք, այսինքն թե` նվաճեցինք, բայց զարմանալի է, որ չկարողացանք սիրել մեր պետությունն ու մեր նվաճածը: Մտածում էի նաեւ իմ ընկերների մասին, ովքեր գնացին մեր կյանքից…

Մարդիկ, որ երբ ապրում էին, զարդարում էին մեր կյանքը, իսկ երբ հեռացան` զարդարեցին հողը մեր: Ու մեր կյանքի ապրած օրերի մեջ, մեր աչքի առջեւ մեր հողը դարձյալ ու կրկին թանկացավ մեզ համար: Եվ քանի որ նրանք գնացին, եւ մենք շարունակում ենք ապրել, մտածում ենք ու խոսում, թեկուզ անձայն, քանզի ծանրագույն խոսքը անձայնն է:

Քունս չի տանում, Աստծո սիրուն, ինչքան չասված խոսքեր կան եւ ինչքան ասված` անխոսություն:

Ես տխրում եմ Կոլումբոսի հանճարեղ անբախտության համար, հասկանում Մագելանի երկրաշուրջ կարոտը, բայց նրանք արեցին իրենց նպատակային գործը, սակայն չեմ ընկալում մեր մի բուռ հողի վրա ապրող երեւելիներին, ովքեր փուշ կերած կովի հայացքով են նայում այսօրվա պետությունը նշավակող չկայացած կուսակցականներին…

Քունս չի տանում, դարձյալ ու կրկին մտքեր են այցելում ինձ: Եվ որտեղից որտեղ լսում եմ Ունամունոյի ձայնը, ում երբեք չեմ տեսել, բայց կարդացել եմ: Եվ նրա մի խոսքն է հնչում ականջիս.
– Ցիցերոնից մինչեւ Մարկ Ավրելիոս երբեք մարդը այդքան մենակ չի եղել, քանզի հին աստվածները խամրել էին եւ արդեն չկային, իսկ նորը դեռ չէր հայտնվել:
Մտածում էի նաեւ, որ մենք նույն վիճակում ենք, Ունամունոյի ձեւակերպման վիճակում. երբ արդեն չկա մեծ Տերությունը, այսինքն թե` հին աստվածները, որի մի մասնիկն էինք մենք, եւ ձերբազատվեցինք ու դարձանք ինքնուրույն մարմին ու պետություն, սակայն չճանաչեցինք ինքներս մեզ:
Չճանաչեցինք նաեւ մեծ իրականության զինվորին…

Սակայն մտածեցի ու զգացի, որ վերջին խոսքիս մեջ անարդար եմ, քանի որ բոլորովին վերջերս, ապրիլ ամսին մենք դարձյալ ճանաչեցինք մեր Զինվորին, ով առավել թանկացրեց մեր Հողը, մեր Հայրենիքը, իսկ փուշ կերած կովի աչքերով մեզ ու նրանց նայողները շարունակում են հողի երեւակայական առեւտուրը՝ առանց մտածելու անգամ, որ մենք մեր համազգային երազանքն ենք առեւտրի հանում…
Տեր Աստված, ո՞վ է այդ մարդը մեր մեջ, որ ամեն անգամ գտնում է ձեւը նշավակելու Ցեղը եւ նշավակելու նույն Ցեղի լուսավոր որդիներին եւ մեր համազգային արյունը սրբազան…

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

15.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031