Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական
Նաիրա Հայրապետյանը` կրթական բարեփոխումների մասին
«Դուք համարում եք, որ ճի՞շտ է նման հարց տալը մի մարդու, ով քառասունից ավելի տարի դասավանդում է դպրոցներում եւ բուհերում, ով հեղինակել է տասնյակից ավելի դասագիրք, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, կրթական հասարակական կազմակերպության ղեկավար եւ պետական ու միջազգային պարգեւների արժանացած մանկավարժ, որը նշանակվել է նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց տարրական աշխատավարձի, սակայն վերցնելով աշխատանքի ու պատասխանատվության ահռելի բեռ»,- «Առավոտի» հարցին` մամուլում շրջանառվեց Ձեր նշանակման հարցը, այն կապվեց Ձեր բարձրաստիճան պաշտոնյա բարեկամների հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, այսպես պատասխանեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Նաիրա Հայրապետյանը` հավելելով. «Ի դեպ, նախարարի կողմից իրականացվող նոր բարեփոխումների զգալի մասը վերաբերելու է կրթական համակարգում ուռճացված ապարատի կրճատմանն ու պետական միջոցների տնտեսմանը, ինչի մասին հայտարարել էր նաեւ վարչապետ Աբրահամյանը, եւ ես ողջունում եմ այդ ռեֆորմն ու սեփական օրինակով դրսեւորում եմ այն»: Տիկին Հայրապետյանը վերջերս է նշանակվել նախարարի խորհրդական:
Կառավարության նախավերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շեշտադրեց կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը, ասաց, որ կրթության եւ գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաեւ բուհական կրթության արդյունավետության բարձրացումը: Իր նշանակման հաջորդ իսկ օրից կրթական բարեփոխումների մասին սկսել էր խոսել նաեւ նախարար Լեւոն Մկրտչյանը: Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, Դուք ունե՞ք ձեր պատկերացումները, ի՞նչ խորհուրդներ եք պատրաստվում տալ նախարարին` մեր հարցերին Նաիրա Հայրապետյանն այսպես պատասխանեց. «Կրթական համակարգը այն ռազմավարական նշանակության ոլորտն է, որի վիճակից կախված է լինելու գրեթե ամեն ինչ մեր երկրում: Ամուր պետություն չի կարող լինել առանց որակյալ ու դաստիարակված քաղաքացու, զարգացող տնտեսություն չի կարող լինել առանց բարձրակարգ մասնագետների, քաղաքավարի ու օրինավոր կացութաձեւ չի կարող լինել առանց կիրթ ու գրագետ մարդկանց եւ այլն: Այս ամենն իրականացնելու համար անշուշտ պետք է սկսել դպրոցից: Դպրոցը պետք է երեխային տա արդիական գիտելիք ու բարձր մակարդակի դաստիարակություն:
Հանրակրթությունը պիտի լինի օպտիմալ ժամանակային իմաստով, տարիների կտրվածքով, որակյալ եւ, բնականաբար, մատչելի ու հասանելի բոլորի համար: Բարեփոխումների զգալի մասն ուղղված է դրան: Բուհերի կառավարման համակարգում տեղի են ունենալու փոփոխություններ, որոնց արդյունքում բուհը ապահովելու է ավելի մեծ թվով ու որակյալ ուսումնական պրոցեսի մասնակցող ուսանողներ, քան վարչական ապարատ, որի պահպանման ահռելի ծախսերը կգնան եւ ուսման մատչելիության, եւ որակի վրա: Վերջապես, առաջարկվում է նոր ստանդարտի դասավանդման, բայց ոչ միայն գիտելիքի մատուցման, այլ նաեւ յուրացման մեխանիզմ, որն, իհարկե, մեծագույն առավելություններ ու հնարավորություններ է բացելու ուսումնական պրոցեսի բոլոր մասնակիցների համար»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը մի կարեւոր հանգամանք եւս շեշտադրում է. «Կրթական համակարգում կան գումարներ, դրանք շրջանառվում են եւ օրինական, եւ ապօրինի դաշտերում, բայց երկու դեպքերում էլ կան պետական համակարգից կամ համակարգված դաշտից դուրս շրջանառություններ: Բարեփոխումների փաթեթով վերանայվելու են եւ լուծման ուղղությամբ են գնալու նաեւ այս խնդիրները: Նախարարը հիմա համակարգում է շատ լուրջ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման գործընթացը, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո աշնանային նստաշրջանին կներկայացվի Ազգային ժողովին: Վստահ եմ, որ այդ բարեփոխումներով սկսվելու է նոր փուլ մեր երկրի կրթական մակարդակի որակական փոփոխության ճանապարհին, եւ վերջապես լուծվելու են մինչ օրս հանրությանը անհանգստացնող բազմաթիվ խնդիրներ: Նախարարից արդեն ստացվել է հանձնարարություն այդ ուղղություններով առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ, եւ տեղեկացնում եմ Ձեզ, որ շուտով տեղի կունենա մի մասշտաբային խորհրդաժողով, որին կմասնակցեն կրթական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, մանկավարժներ, մասնագիտացված հ/կ-ների ներկայացուցիչներ, կրթօջախների ղեկավարներ, պատգամավորներ ու, բնականաբար, նաեւ նախարարության ներկայացուցիչներ: Այդ խորհրդաժողովին մանրամասնորեն կներկայացվի այն ամենը, ինչին ես այսօր անդրադարձա մակերեսորեն, իսկ ոլորտի բոլոր ներկայացուցիչներն ու շահագրգիռ մարդիկ կտան իրենց գնահատականը: Վստահաբար կարող եմ ասել մեկ բան` այդ փոփոխությունների շահառուն են լինելու ներկայիս եւ հաջորդող բազմաթիվ սերունդներ»:
Հարցին` տեսակետ կա, որ Լեւոն Մկրտչյանն անցումային նախարար է, կհաջողվի՞ նրան արմատական քայլեր իրականացնել, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Նախարար Մկրտչյանի նպատակադրվածությունն այդ ամենն իրականացնելու չափազանց մեծ է, եւ, վստահ եմ, նա կհիշվի կրթության համակարգի պատմության մեջ որպես այդ ռեֆորմների իրականացնող»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
15.07.2016