Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի հակաքայլը Հայաստանի ռուսամետ քաղաքականությանը

Հուլիս 16,2016 16:00

Պյոտր Պորոշենկոն զուգահեռում է Ղրիմն ու Ղարաբաղը

Ուկրաինան հակադարձում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Ուկրաինայի «դեմ» կամ Ղրիմին «կողմ» քվեարկելը, փաստորեն, արդեն որերորդ անգամ շրջվում է Հայաստանի դեմ: Փաստ է այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մշտապես զուգահեռվում է Հայաստանի` Ղրիմի հարցում ունեցած դիրքորոշման հետ:

Նշենք, որ Բաքու կատարած այցելության ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Նա մասնավորապես հայտարարել է. «Ուզում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում եւ չի ընդունի Լեռնային Ղարաբաղի համապատասխան փաստաթղթերը, ինչի մասին մենք խոսել ենք, եւ ողջունում ենք Ղրիմի հարցով Ադրբեջանի համանման որոշումը»։

Պորոշենկոն չի մոռացել վստահեցնել Ադրբեջանին իր կողմից անվերապահ աջակցության մասին, երբ Ուկրաինան 2016-2017թթ. կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ։

gevor meliqyan 3-1

«Առավոտի» հետ զրույցում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը նշեց, որ թեեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողների համար պետք է շատ տհաճ լինի նման հայտարարություն լսելը, սակայն միեւնույն ժամանակ համարում է, որ սա նորություն չէ եւ հետեւանք է ընդհանուր պատկերի: Ըստ փորձագետի` Ուկրաինայի նախագահն ասել է այն, ինչ մշտապես են հայտարարում. «Սա խոսում է այն մասին, որ Ուկրաինան հակադարձում է ՀՀ արտաքին քաղաքականությանը: Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառաբանություններ է բերում, թե ինչու է քվեարկում Ուկրաինայի «դեմ» կամ Ղրիմին «կողմ», բայց փաստը մնում է փաստ, որ դա այդպես է, եւ Ուկրաինայի նախագահն էլ առիթը բաց չի թողնում` ցույց տալու, որ եթե հայկական կողմն ունի նման դիրքորոշում, ապա նույնը պետք է սպասել նաեւ ուկրաինական կողմից: Սա հակադարձման ձեւ է»:
Գեւորգ Մելիքյանի դիտարկմամբ` Ուկրաինայի նախագահը չի հայտարարում այն մասին, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում, կամ որ Ուկրաինան չի ճանաչում ԼՂ անկախությունը. «Պորոշենկոն խոսում է այն մասին, որ Ուկրաինան չի ճանաչում եւ չի ընդունի Լեռնային Ղարաբաղի համապատասխան փաստաթղթերը. փաստաթղթեր ասելով` թերեւս նկատի ունի 90-ականների հանրաքվեն կամ անկախության հռչակագիրը: Այնպես չէ, որ միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչներն այդ փաստաթղթերը հիմք են ընդունում ԼՂ հակամարտության մասին խոսելիս: Անգամ հայկական կողմն այդ փաստաթղթերին մեծ կարեւորություն չի տալիս բանակցային գործընթացների համատեքստում»:

Քաղաքականությունը մնում է քաղաքականություն: Ըստ փորձագետի` Հայաստանը հայտարարում է, որ քվեարկում է՝ համաձայն իր շահերի, ինչպես եւ Ուկրաինան: Սակայն հարցն այն է, թե արդյոք միջազգային հարթակներում քվեարկությունները եւ դրանց արդյունքներն իսկապե՞ս բխում են Հայաստանի շահերից: Իսկ Պորոշենկոյի հայտարարության նման հայտարարությունները Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողների համար պետք է ազդակ լինեն, ոչ թե անտեսվեն:

Հարցին` մի՞թե այս հայտարարությունը առիթ չէ վերանայելու ՀՀ արտաքին ռուսամետ քաղաքականությունը, պարոն Մելիքյանը պատասխանեց` վստահեցնելով, որ վերանայել է պետք ոչ միայն հայ-ռուսական, այլեւ հայ-ուկրաինական, հայ-վրացական եւ այլ հարաբերությունները, եւ դա անել անընդհատ. 21-րդ դարի համար իներցիոն քաղաքականությունն ընդունելի չէ:
Փորձագետն այս առիթով լուրջ մտահոգություններ հայտնեց Հայաստանի՝ այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականության մասին. «Հայաստանը զգուշավոր քաղաքականություն է վարում: Այն, ինչ սխալմամբ կոչվել է կոմպլեմենտար քաղաքականություն, իրականում ամենազգուշավոր քաղաքականությունն է արտաքին հարաբերություններում, որն այսօրվա դինամիկ զարգացող աշխարհի համար ընդունելի չէ:

Աշխարհը փոխվում է, փոխվում են Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, փոխվում է Հայաստանը, ուստի մեր արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ճկուն, ավելացնի դիմադրողականությունը եւ շեշտը դնի ոչ ստանդարտ լուծումների վրա»:
Գեւորգ Մելիքյանը հորդորում է ողբերգություն չդարձնել Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, այլ ըստ նրա` պարզապես պետք է Ուկրաինայում մեր դիվանագիտական ներկայացուցչության կողմից աշխատանք տարվի, Հայաստանում պետք է Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպում կազմակերպվի. «Ընդհանուր առմամբ դա էլ, կարծում եմ, չի օգնի, եթե Հայաստանը շարունակի ուղղակի բացահայտ ռուսամետ որոշումներ կայացնել»:
Այս առիթով փաստենք, որ ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

15.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031