Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի՝ 783 միլիոնի յուրացումները կատարվել են նորոգմանն ու անվտանգությանն ուղղվող ծախսերից

Հուլիս 16,2016 15:30

Հայաստանում պետական գնումների համակարգը աղետալի վիճակում է

«Առավոտի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը:

Նրա այս կարծիքը մի օրում չի ձեւավորվել. այն հաստատվել է տարիների ուսումնասիրությունների ու կոռուպցիոն ռիսկերի, պետական փողերի անարդյունավետ ծախսերի բացահայտումների արդյունքում:

«Հայկական ատոմային էլեկտրական կայանը»՝ ՀԱԷԿ-ը, որը ռազմավարական նշանակության օբյեկտ է, եւս զերծ չի մնացել գնումներում չարաշահումներից:
Երեկ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ ՀԱԷԿ-ում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրվել են չարաշահումներ, պարզվել է, որ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս: Հանցագործությունը բացահայտվել է, պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն ասում է՝ ՀԱԷԿ-ի կողմից կատարված այդ չարաշահումները կատարվել են ատոմակայանի նորոգման եւ անվտանգության միջոցառումներին ուղղվող ծախսերից: Ըստ փորձագետի՝ ատոմակայանի բյուջեի գերակշիռ մասը հենց նորոգման եւ անվտանգության մասով ծախսերն են, ու հենց այստեղից էլ փորձել են յուրացումներ անել:

«783 միլիոն դրամի այդ չարաշահումները ատոմակայանի ծախսերի մոտ 6%-ն է, որն էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցություն ունենում է: Սա վկայում է այն մասին, որ հանրության դժգոհությունը սակագնի անարդարացի բարձրացման մասին առարկայազուրկ չէր»,- ասում է Մանուկյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ եթե կառավարությունը փորձում է հանրության վստահությունը բարձրացնել, ապա ողջունելի կլինի, եթե ուսումնասիրվի էներգետիկ ողջ շղթան եւ դրա ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա. «Որովհետեւ նման չարաշահումներ են արել, իհարկե՝ հաշվի առնենք անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ, պետք է կծիկը քանդել եւ տարիներով յուրացրած ամբողջ գումարը վերադարձնել: Ի վերջո, դրա համար վճարել է սպառողը՝ սակագնի բարձրացմամբ»:

Մանուկյանը նաեւ նկատում է՝ ՀԱԷԿ-ում բացահայտված չարաշահումները վկայում են այն մասին, որ ատոմակայանում վերահսկողությունը բացակայել է, իսկ վերահսկողությունը պետք է իրականացներ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որի ենթակայության տակ է ՀԱԷԿ-ը. «Նախարարությունում կա ներքին աուդիտ իրականացնող բաժին, որոնք չարաշահումների մասին ազդակներ չեն տվել: Պետք է մտածել կանխարգելելու մասին, համակարգային ստուգումներ են պետք նաեւ հանդիպակաց գնումներում, որովհետեւ այս ոլորտը բնակչության համար զգայուն ոլորտ է եւ պետք է զերծ պահել կոռուպցիայից»:

Մանուկյանն ասում է, որ հակակոռուպցիոն կենտրոնը՝ մշտապես, եւ նույնիսկ Ազգային ժողովում եւ այլ հաշվետվությունների ժամանակ ահազանգել են՝ հանրային ծառայությունների ոլորտում գնումների մասին օրենքի խախտումներ են լինում, այդ կազմակերպություններն իրենց գնումների մասին հաշվետվություններ չեն տրամադրում գնումների աջակցման կենտրոնին: Սա նշանակում է, որ այդ ընկերությունները թափանցիկ չեն աշխատում, ուստի առկա են կոռուպցիոն ռիսկեր:
Օրինակ՝ ՀԱԷԿ-ը, ըստ Մանուկյանի, երբեք չի տրամադրել որեւէ տեղեկատվություն իր գնումների մասին:

ՀԱԷԿ-ում բացահայտումներն անակնկալ չէին փորձագետի համար, քանի որ, իր խոսքով՝ գործ ունենք համակարգային կոռուպցիոն բարձր ռիսկայնության միջավայրի հետ. «Այս պահին ատոմակայանն է թիրախում, այլ օբյեկտներում էլ կլինեն, մեր ուսումնասիրությամբ լուրջ խնդիրներ ենք տեսնում էներգետիկ ոլորտում: Օրինակ՝ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում եւ էներգետիկ ոլորտում անօրինականությունների դեմ բողոքները բիզնեսի կողմից ավելացել են»:
Պետական գնումների ոլորտին անդրադառնալով՝ Մանուկյանը նկատում է՝ կոռուպցիոն ռիսկերը բարձր են այնտեղ, որտեղ մեծ բյուջեներ կան, օրինակ՝ պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները. «Այստեղ ակնհայտորեն կապ կա անարդյունավետ գնումների հետ»:
Պետական գնումներում առաջնային խնդիրները միջնորդավորված գնումներն են, Մանուկյանն ասում է՝ սրա միջոցով մրցակցությունը խեղաթյուրվում է: Պետգնումներում լրջագույն խնդիր է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններից գնումները, մյուս խնդիրն էլ անարդյունավետ գնումներն են. «Այս դեպքում առաջին հարցը, որ պետք է լինի՝ ինչո՞ւ ես գնում այսինչ բանը: Եթե այլ դեպքում խոսվում է՝ ինչո՞ւ են ամենաբարձր գնով ապրանքը ձեռք բերել, ապա հարց չի բարձրացվում՝ ինչո՞ւ հենց այս ապրանքը, ի՞նչ ենք արդյունքում ստանալու, այս հարցն առկախ է մնում»:

Արդյոք գնումների մասին օրենքի նոր նախագիծը կփրկի՞ իրավիճակը, կոռուպցիոն ռիսկերը կբացառի՞ կամ գոնե նվազագույնի կհասցնի՞, մեր այս հարցին Մանուկյանն ասում է՝ ոչ, գործող օրենքը լավն է, միջազգային չափանիշներին համապատասխան է. «Իմ նշած խնդիրները վատ օրենքի պատճառով չեն, այլ դրա կենսագործման համար քաղաքական կամք չկա: Նոր օրենքի մշակումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը դոնորական գումարների կարիք ունի, իսկ այս տեսակետից որոշակի կոնֆլիկտ կա ԵՏՄ գնումների ընթացակարգերի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրերի ընթացակարգերի միջեւ: Որպեսզի այս խնդիրը լուծեն, փորձում են երկու կողմերին գոհացնելու համար նոր օրենք մշակել»: Այսինքն՝ եթե գործող օրենքը լավն է, իսկ նորն էլ պայքար չէ պետգնումներում կոռուպցիան կանխարգելելու համար, ապա հավատալ պաշտոնյաների քաղաքական կամքին՝ կործանարար հույս է:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031