Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել նախագահի հրամանագիրը

Հուլիս 16,2016 15:00

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալներից քչերն են համարձակվում կամ քչերն ունեն հնարավորություն դիմել դատարաններ՝ վիճարկելու ՀՀ նախագահի 2005թ. սեպտեմբերի հրամանագրով ստեղծված Անկախ հանձնաժողովի որոշումները, որոնք վերաբերում են պատիժը կրելու, պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման պայմաններին:

Անկախ հանձնաժողովը 8 անձից բաղկացած խորհրդակցական մարմին է, որը կարող է ինչպես դրական կարծիք հայտնել դատապարտյալների վերաբերյալ, պաշտպանելով ըստ էության քրեակատարողական հիմնարկների վարչակազմի դրական բնութագիրը, կարող է նաեւ մերժել՝ առանց պատճառաբանության:
Հատկապես վերջին՝ առանց պատճառաբանության մերժելու հետ կապված նկատվում է դատական գործընթացների աճ, իսկ որպես կանոն՝ այդ գործընթացներն ընթանում են դատարկ նիստերի դահլիճներում, առանց բողոքաբեր դատապարտյալների, նրանց ներկայացուցիչների, հաճախ պատասխանող ճանաչված Անկախ հանձնաժողովի ներկայացուցիչները դատարաններ չեն գալիս՝ օգտվում են հսկող դատախազների «պաշտպանության իրավունքից»:

ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետի համաձայն, ՀՀ նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն, կարող է կազմավորել «խորհրդակցական այլ մարմիններ»: Մինչ օրս հստակեցված չէ, թե ի վերջո, ինչ մարմին է Անկախ հանձնաժողովը: Եթե Անկախ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, ապա նա որոշում ընդունող մարմին էլ չէ, չի կարող լինել, այն էլ այնպիսի որոշումներ, որոնք որոշիչ են ու վերջնական:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերջապես ներկայացավ ազատազրկված, ոստիկանության նախկին աշխատակցի՝ կապիտան Վարդան Ղուկասյանի (հայտնի է «Դոգ» մականունով-Ռ.Մ.) բողոքի քննության համար Անկախ հանձնաժողովի անդամ Ռ.Հովհաննիսյանը:
Վարդան Ղուկասյանի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Ղարագյոզյանը, ներկայացրեց իրենց բողոքը, ապա հարցեր տվեց Անկախ հանձնաժողովի անդամին:

«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը 1 տարի 8 ամիս է՝ կրել է իր պատիժը: Նրան մնացել էր պատիժը կրելու 1 տարի 3 ամիս: Իր պաշտպանյալը զղջացել էր կատարված արարքի համար, նա չունի քաղաքացիական հայց, հիմնարկի վարչակազմը նրան տվել է դրական բնութագիր, սակայն Անկախ հանձնաժողովը մերժել է, առանց պատճառաբանելու, թե ինչու:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը լինելով նախկին ոստիկան, իր դիմումի համաձայն, պատիժը կրում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ըստ էության, դատապարտյալի կողմից փաստացի կրած պատժի ժամկետը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածի 3-րդ մասի համաձայն, թույլ էր տալիս ակնկալելու, որ կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի մնացած մասը կրելուց:

Արա Ղարագյոզյանն ասաց. «Հանձնաժողովը պարտավոր էր պատճառաբանել, թե ինչու է կայացրել նման որոշում: Որոշման պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է հանձնաժողովը եկել նման հետեւության, միեւնույն ժամանակ հնարավորություն կտար դատարանին դատական ակտի հիմնավորվածության եւ հիմնավորվածության ստուգման համար: Չպատճառաբանված որոշում կայացնելը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի դատարանը լիարժեք դատական ստուգման ենթարկի բողոքարկվող դատական ակտի օրինականությունը»:

Ըստ փաստաբանի, Հայաստանում մինչ օրս չի կատարվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2003թ. սեպտեմբերի 24-ի թիվ 22 հանձնարարականը, համաձայն որի՝ պատիժը կրող անձինք պատիժը կրելու սկզբից պետք է իմանան, թե պատժի համար սահմանված նվազագույն ժամկետը կրելուց հետո, երբ են օժտվելու ազատման իրավունքով, ինչ չափորոշիչներ են կիրառվելու իրենց ազատում տրամադրելու համար:

Փաստաբանը նշեց. «Պայմանական ազատում տրամադրելու չափորոշիչները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի պայմանական ազատում տրամադրվի ազատությունից զրկված բոլոր այն անձանց, ովքեր բավարարում են օրինական քաղաքացիներ դառնալու համար երաշխիքների նվազագույն մակարդակը»:
Ըստ դատապարտյալի ներկայացուցչի, Անկախ հանձնաժողովը կամայական եւ ապօրինի որոշումներ է կայացնում, այդ պատճառով պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը վերջին տարիներին նվազել է:
Իրավապաշտպան կառույցի փաստաբանի դիտարկմամբ, եթե նախագահի հրամանագրով է ստեղծվել այս մարմինը, ապա նախագահի հաստատմանն էլ պետք է ներկայացվեն հանձնաժողովի որոշումները:

Ի դեպ, բողոքի քննության ժամանակ մեջբերվեց նաեւ Սահմանադրական դատարանի թիվ 733 որոշումը: Համաձայն այդ որոշման. «Չնայած դրան, մինչ օրս օրենսդրորեն չեն սահմանվել այն չափանիշները, որոնք ենթակա են կիրառման Անկախ հանձնաժողովի կողմից՝ պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելուն հավանություն տալուն կամ չտալուն, որոշում կայացնելիս: Նաեւ օրենսդրորեն սահմանված չէ այդ հանձնաժողովի գործունեության կարգը, հարցերի քննարկման եւ որոշումների ընդունման ընթացակարգերը: Անկախ հանձնաժողովն իրականում լինելով գործադիր իշխանության մաս, իր գործունեության ընթացքում լիարժեք անտեսում է ՍԴՈ-733 որոշման իրավական հիմնավորումները»:

Անկախ հանձնաժողովի անդամ պարոն Հովհաննիսյանը, երբ հարցրին, ինչպես է քվեարկվել, ինչ ընթացակարգով են մերժվում դատապարտյալները, պատասխանեց, թե հանձնաժողովն 8 անձից է բաղկացած, քվեարկությունը գաղտնի է եւ ինքը չի կարող մեկնաբանել ՀՀ նախագահի հրամանագիրը:

Ընդամենը տեղեկացրեց, որ ընթացակարգի խախտումներ չի եղել, եւ որ հանձնաժողովականները կարող են ունենալ տարբեր կարծիքներ:
Ի դեպ, պաշտպանին հետաքրքրում էր նաեւ այն հարցը, թե ովքեր են այն երկու անձինք, ովքեր մինչ որոշումը, ենթահանձնաժողովի կարգավիճակով հանդիպում են դատապարտյալի հետ, ապա ներկայացնում միջնորդություն, ինչ մասնագետներ են հանձնաժողովում. «Արդյոք այդ երկու անդամի դիտարկման արդյունքում Անկախ հանձնաժողովի մյուս անդամների համար անուղղակի ծանոթությունն ու երկրորդական աղբյուրի միջոցով ստացված ինֆորմացիան բավարա՞ր է անձի ճակատագրի մասին որոշում ընդունելու համար»:

Հանձնաժողովականն ասաց, թե հանձնաժողովում կա հոգեբան՝ առողջապահության նախարարությունից, նաեւ՝ ուժային կառույցներից, իսկ 2 անդամից բաղկացած ենթահանձնաժողովի մասին ասաց. «Ես չեմ կարող գնահատել»:
Ըստ փաստաբանի, «Վ. Ղուկասյանի հարցի քննության ընթացակարգը եղել է վերջինիս համար բոլոր տեսանկյուններից անորոշ, անգամ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու դեպքում նա չի կարողացել իմանալ, թե ինչ չափանիշներ են կիրառվելու, ինչ իրավունքներ ունի ինքը, ապացույցները ներկայացնելու առումով, ինչ պետք է ապացուցվի, որպեսզի հարցը լուծվի դրական եւ ինչ վարքագիծ պետք է դրսեւորի հանձնաժողովի չափանիշներին բավարարելու համար»:

Հսկող դատախազ պարոն Հարությունյանն էլ ասաց, թե այնպես չի, թե հանձնաժողովն անընդհատ մերժում է, անգամ դատարանում էլ անձը կարող է թույլ տալ այնպիսի վարքագիծ, որը թույլ չի տա եզրահանգելու, թե նա ուղղվել է:
Ի դեպ, Վ. Ղուկասյանը դիմել էր դատարան՝ առանց իր մասնակցության քննել բողոքը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 20-ին:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

 

«Առավոտ»

15.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031