Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ հաջողված հայկական ֆիլմեր՝ «Հայկական համայնապատկերում»

Հուլիս 16,2016 14:30

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի Վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է 7 ֆիլմ՝ Գոռ Մարգարյանի «Ավրորա» (Գերմանիա), Գեւորգ Ասլանյանի «Բալկանյան դաշնամուր» (Բուլղարիա), Ալբերտ Սարգսյանի «Իմ աշխարհը» (Հայաստան), Կոմս Շահբազյանի «Ռիթմ եւ ընդմիջումներ» (Բելգիա), Գարեգին Պապոյանի «Սխտորաշեն» (Հայաստան), Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» (ԱՄՆ), Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» (Ֆրանսիա):

Գարեգին Պապոյանի «Սխտորաշենը» անչափ տպավորիչ է: Այն պատմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի մասին, որն արդեն 30 տարի է՝ ամայացած է: Միակ բնակիչը, որ մնացել է գյուղում, 83-ամյա Լենան է: Ծանր է նրա համար, Լենա տատիկը չի ցանկանում հեռանալ ու ցավ է զգում մեռնող գյուղի համար: Նա ավելի քան երկու տարի է՝ մենակ է գյուղում: Զբաղվում է իր տնտեսությամբ, քանի կարող է: Լենայի ամուսինը մահացել է: Նա որոշել էր կնոջ հետ մնալ եւ հրաժարվել գյուղը լքելու մտքից, չնայած Սխտորաշենը քիչ-քիչ սկսել էր ամայանալ: Լենայի պատմելով՝ դրան նպաստել են նաեւ վատ ճանապարհներն ու դպրոցների բացակայությունը: Սխտորաշենի վերջին բնակիչը ցույց է տալիս ուրվականի նմանվող շինություններ, դրանք ժամանակին լցված են եղել կյանքով: Մեկն էլ գյուղի ակումբն էր, որ մինչ այդ եկեղեցի է եղել, սակայն աստվածամերժ կոմունիստների կողմից ակումբի է վերածվել: Լենան չորս տղա ունի: Նրանցից մեկը զոհվել է արցախյան պատերազմում: Մյուս որդիներն ինը թոռների հետ միասին ապրում են մոտակա գյուղերում: Լենան մի ցանկություն ունի՝ գյուղը չվերանա քարտեզից, սակայն հույս, կարծես թե՝ չկա: Գյուղի լույսը վառ պահող հայ տատիկն էլ ի վերջո կնքում է մահկանացուն, ու եզերքը կորցնելու ցավը Լենա տատի մեղուների պարսի բզզոցի նման ուղեղիդ մեջ է շարունակվում:

Նշենք, որ Գարեգին Պապոյանը 2015-ին է նկարահանել «Սխտորաշենը»: Սա հեղինակի առաջին վավերագրական ֆիլմն է: Նա ներկայումս աշխատում է նոր խաղարկային կարճամետրաժ ֆիլմի վրա:

Հետաքրքիր էր Կոմս Շահբազյանի «Ռիթմ եւ ընդմիջումներ» աշխատանքը: Այն պատմում է 23-ամյա Սեւակ Ավանեսյանի մասին: Պատրաստվելով թավջութակի միջազգային մրցույթի՝ մարտարվեստների սիրահար երիտասարդը փորձարկում է իր մարմինը, միտքն ու սիրտը: Այդ փորձառությունը նրան դարձնում է ուժեղ տղամարդ եւ միաժամանակ՝ նուրբ արվեստագետ: Սեւակին սովորեցնում են, որ ամեն նոտայի պետք է վերաբերվել կենդանի մարդու նման ու թույլ տալ, որ յուրաքանչյուր նոտա ապրի: Ֆիլմում հետաքրքիր վիզուալ լուծումներ կան. Սեւակն ամեն օր խնամում է իր ծաղիկը ու անընդհատ կտրտում ավելորդ ճյուղերը: Այդպես էլ ինքն է իրենից վանում ավելորդությունները: Ի վերջո հաղթում է ֆիզիկապես ուժեղ եւ նաեւ որպես երաժիշտ լավ «մարզավիճակում» գտնվող անհատականությունը: Ֆիլմն ավարտվում է երիտասարդի եղունգների հարդարման դրվագով: Բնականաբար, երաժիշտը պետք է ներկայանալի արտաքին ունենա: Ռեժիսորը լուծել էր իր առջեւ դրած խնդիրը, ասելիքը հրաշալի տեղ հասցնելու ինքնատիպ միջոցներ էր գտել: Սակայն ֆիլմը մի փոքր թերություն ուներ: Ասելիքն ու տեւողությունը համահունչ չէին, ֆիլմը մի փոքր ձգձգված էր:

Հավելենք, որ Կոմս Շահբազյանն ապրում եւ աշխատում է Բրյուսելում: Նա ինքնուս ռեժիսոր է, հեղինակել է «Անվերնագիր» եւ «Y.U.L.» կարճամետրաժ ֆիլմերը սեփական սցենարներով: Երկուսն էլ նկարահանվել են 2000-ին Նյու Յորքում:
«Y.U.L.»-ը 2002-ին ցուցադրվել է Վենետիկի ՄԿՓ-ում: 2006-ին Կոմս Շահբազյանը Երեւանում նկարահանել է «Այստեղ՝ ներքեւում» վավերագրական կինոնկարը, որը ներկայացվել է տարբեր կինոփառատոներում, ներառյալ՝ Փարիզի Cinռma du Rռel-ը եւ Նիոնի Visions du Rռel-ը: Ռեժիսորի վերջին աշխատանքը՝ «Ռիթմ եւ ընդմիջումներ»-ը, նկարահանվել է 2014-ին Բեռլինում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

15.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031