Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյը» աշխատելով առանց ամառային հանգստի՝ խաղում է 6 ամիս, իսկ մյուս 6-ը՝ հանդիսատեսին ներկայանում այլ կարգավիճակով

Հուլիս 16,2016 14:00

Ամռան ամիսներին, երբ զբոսաշրջության եռուն շրջանն է, երեւանյան մշակութային կյանքը օգոստոսին իսպառ կանգ է առնում: Մի քանի օր եւս՝ կավարտվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եւ վերջ: Հասկանալի է, որ յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Բայց այս դեպքում ինչպե՞ս է վարվում աշխարհը, որ օրինակ՝ ամռան ամիսներին չեն դադարում բացօթյա միջոցառումները: Վերջիններս մեր իրականությունում, կոնկրետ՝ թատերական բեմադրությունները, սկիզբ են առել 1920-ականների սկզբներին: Օրինակ, Վաղարշ Վաղարշյանը Գյումրիում եւ Երեւանում բաց երկնքի տակ բեմադրել է «Սասունցի Դավիթ» էպոսը: Կամ՝ 2000-ականների սկզբներին «Զվարթնոց» պատմամշակութային տաճարի ավերակները մեկ-երկու օրով վերածվել էին ամֆիթատրոնի, որտեղ ցուցադրվեցին Տիգրան Լեւոնյանի ռեժիսուրայով Տիգրանյանի «Անուշը» եւ Դոնիցետիի «Պողիկտոսը»: Նույն ժամանակահատվաճում, հիշենք նաեւ Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի դասական երաժշտության համերգները Շուշիում եւ Գառնիում: Դրանից առաջ՝ 1970-ականներին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Գառնիում աճեմյանական ռեժիսուրայով ներկայացրեց Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» ողբերգությունը: Վերջին բացօթյա բեմադրությունը, որ իրականացվել է մայրաքաղաքում, դա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացումն էր՝ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ, Ստեփան Շահումյանի անվան հրապարակում:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ դա Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր, ղեկավարությամբ՝ փոխքաղաքապետ, մասնագիտությամբ ռեժիսոր Արամ Սուքիասյանի: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երեւան այցելող թե մեր համերկրացիների եւ թե օտարազգի զբոսաշրջիկների հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն պատմամշակութային վայրեր այցելելով: Ի դեպ, Շուշիում արդեն ավանդական է դարձել Արցախի անկախության տոնին նվիրված Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում օպերային ներկայացումների ցուցադրությունը, կայացել են Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» (ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան), Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» (ռեժիսոր՝ Մարիա Սահակյան) բեմադրությունները, սեպտեմբերի սկզբին էլ նույն վայրում կցուցադրվի Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան: Բայց սա՝ Արցախում:
Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, երեւանյան օջախներից «Գոյ» թատրոն-բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնն այս տարի ամռանը չի հանգստանալու: Այս լուրը հաստատեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը եւ մանրամասնեց. «Մի անհանգստացեք, թատրոնի աշխատակիցների հանգիստը ես կապահովեմ տարվա ընթացքում:

Իսկ մայիսի կեսերից մինչեւ հոկտեմբեր մեր թատրոնում անտանելի շոգ է, չունենք օդափոխության համակարգ, հետեւաբար մտածել ենք այդ ամիսներին ցուցադրել համաշխարհային կինոյի գանձարանից ընտիր նմուշներ Բրուկի, Լյուբիմովի, Ստուրուայի, Տովստոնոգովի բեմադրություններից, Յուրի Բուտուսովի՝ Արկադի Ռայկինի անվան թատրոնում բեմադրած «Լիր արքան» կամ իսկապես շատ հզո՜ր համերգներ, նույնիսկ աշխարհում թիվ 1 կրկեսը համարվող կանադական Cirque du Soleil-ի ներկայացումներից… Կարճ ասած՝ այնպիսի նմուշներ, որոնց հետ հայաստանցի հանդիսատեսի մեծ մասը իրեն հաստատ չի կարող թույլ տալ «կենդանի» շփվել»: Մեր զրուցակիցը հայտնեց, թե իր ղեկավարած թատրոնում պատրաստակամ է ցույց տալ նաեւ մերօրյա կինոռեժիսորների աշխատանքները, բայց, իր խոսքերով՝ կինոռեժիսորները տեղից չեն շարժվում, բացարձակ ակտիվություն չեն ցուցաբերում, իսկ ֆիլմերն էլ մի քանի անգամ ցուցադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում, ու վերջ: Հետաքրքրվեցինք՝ իսկ ամռան ամիսներին հանդիսատեսը չի՞ շոգում թատրոնում:

Արթուր Սահակյանը պարզաբանեց, որ բեմադրություն ցուցադրելու ժամանակ միացվում են հզոր լուսարձակները, որոնք անտանելի են դարձնում շոգը, իսկ, ասենք՝ ֆիլմերի դեպքում դրանք անհրաժեշտ չեն: Համաձայնելով դիտարկմանը, թե փաստորեն թատրոնը տարվա ընթացքում 6 ամիս է «խաղում», ռեժիսորը անդրադարձավ ոչ միայն իրեն հուզող խնդրին. «Ցանկացած մշակութային օջախ այցելում են գովազդի շնորհիվ: Ինչո՞ւ մեր Հանրային հեռուստատեսությունը, օրինակ, չի իրականացնում ոչ միայն մեր թատրոնի, այլեւ մյուս թատրոնների գովազդը: Ինչո՞ւ Հանրայինը իր հանրությանը չի տեղեկացնում, չի ապահովում մարդկանց, մայրաքաղաքի բնակչության երեկոյան հանգիստը: Իհարկե, առավոտյան ծրագրով հնչում է մեկ-երկու գովազդ, բայց դա շատ քիչ է… Իսկ գովազդը պետք է տրամադրել երեկոյան ժամերին»:

Ինչ վերաբերում է բացօթյա ներկայացումներին, թատրոնի ղեկավարն այս հարցում կտրուկ է. «Ես ոչինչ չունեմ բացօթյա ներկայացումներ խաղալու դեմ, բայց մեր ցանկացած ներկայացում պարզապես չես կարող ցուցադրել, ասենք՝ հրապարակում: Այլ բան է, օրինակ, որ Վերդիի «Աիդան» ցուցադրվում է եգիպտական բուրգերի ֆոնին, ու նման հազարավոր օրինակներ կարող եմ բերել»:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ թատրոնի խաղացանկին (հիշեցնենք, որ Ա. Սահակյանը մեկ տարի է, ինչ ղեկավարում է «Գոյը»): Մեր զրուցակիցը դարձյալ շեշտեց թատրոնի ուղղվածությունը, այս անգամ հատուկ նշելով, որ իրենց նպատակն է հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային գրականության ընտիր ստեղծագործություններ, այդ թվում՝ Տոնինո Գուերայի, Կաֆկայի եւ մյուս անվանիների գործերը:

Այցելելով թատրոնի կայք՝ goy.am, առաջին անգամ կարդացինք՝ Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոն- բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն: Հարցրինք՝ երբվանի՞ց է թատրոնը հիմնադրի՝ վաղամեռիկ ռեժիսոր Արմեն Մազմանյանի անունով: Արթուր Սահակյանն ընդամենն ասաց, որ «Գոյը» իսկապես կոչվում է Արմեն Մազմանյանի անունով:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

15.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031