Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբիշները նվաճել են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի 8 ուղեգիր: Մարզաձեւի ֆեդերացիան բավարարվա՞ծ է: Ի՞նչ է արվել Օլիմպիական քառամյա ցիկլում եւ հիմա մեր օլիմպիական ըմբիշները ինչպե՞ս են անցկացնում նախապատրաստության եզրափակիչ փուլը: «Առավոտը» զրուցել է ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ: Հարցազրույցն արվել է հունիսի 20-ին:
– Օլիմպիական ութ ուղեգիր: Ֆեդերացիան բավարարվա՞ծ է այդ ցուցանիշով:
– Միանշանակ, բավարարված ենք, թեեւ հունահռոմեական ոճում կարող էր ուղեգրերի քանակն ավելի լինել: Նկատի ունեմ 59 կգ քաշային Ռոման Ամոյանին: Իսկ ընդհանուր առմամբ, չկա մեկ այլ ըմբիշ, որը կարող էր ուղեգիր նվաճել կամ մոտ էր եւ վարկանիշ չարեց: Կարեւորը ոչ այնքան քանակն է, որքան՝ որակը: Մեր ութ ըմբիշներն էլ երկրորդի մեջ են: Մնում է՝ տեսնենք, թե քանի՞սը մեդալ կնվաճի:
– Հիմա երկու հավաքականներն ինչպե՞ս են պատրաստվում օլիմպիական խաղերին:
Կարդացեք նաև
– Հունահռոմեականները Ռիոյի նախապատրաստության մեկնարկային փուլն սկսեցին Իտալիայում կայացած հեղինակավոր մրցաշարին մասնակցելով, որտեղ մեր չորս օլիմպիականները նվաճեցին երեք ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Դա գերազանց արդյունք է եւ կարեւոր նրանով, որ նրանք լավ են զգում մրցագորգը: Հիմա հավաքականն ամբողջ կազմով Ղրիմում է: Վերադառնալուց հետո 5-6 օր կմնան Երեւանում եւ հուլիսի 5-ին համատեղ ուսումնամարզական հավաքի կմեկնեն Ստայկի: Վերջին հավաքը թիմը կանցկացնի Երեւանում, որի ավարտին ըմբիշները մարզիչների եւ բժիշկների ուղեկցությամբ երեք փուլով կմեկնեն Բրազիլիա. օգոստոսի 11-ին՝ Արսեն Ջուլֆալակյանը, 12-ին՝ Մաքսիմ Մանուկյանը, 13-ին՝ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Մարզիչները հաշվարկն արել են այնպես, որպեսզի յուրաքանչյուր ըմբիշ Ռիոյում լինի իր մրցումային մեկնարկից երեք օր առաջ:
Ազատ ոճայիններն էլ նախապատրաստվում են իրենց պլանով: Վարկանիշային մրցաշարերից հետո ամբողջ հավաքականը շաբաթական 3-անգամյա մարզումներ է անցկացրել, դրանց հետեւել է հավաք Ծաղկաձորում: Նրանց համար օլիմպիական խաղերից առաջ ուժերի կարեւոր ստուգում էր Վանաձորում անցկացված Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարը: Հավաքականը հուլիսի 2-16-ը Ռուսաստանի հետ համատեղ հավաք է անցկացնելու Կիսլովոդսկում, որից հետո կվերադառնա եւ հուլիսի 22-ին կմեկնի Վրաստան՝ այդ երկրի ուժեղ ընտրանու հետ համատեղ մարզումների: Թիմը կվերադառնա Երեւան եւ օլիմպիական ըմբիշները երկու փուլով կմեկնեն Ռիո դե Ժանեյրո. օգոստոսի 10-ին՝ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանն ու գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն, հաջորդ օրը՝ Դավիթ Սաֆարյանը՝ 65 կգ եւ Գիորգի Կետոեւը՝ 97 կգ: Արայիկ Բաղդադյանի ղեկավարած մարզչական կոլեկտիվը նպատակահարմար է գտել, որպեսզի ըմբիշները Բրազիլիայում 10-օրյա կլիմայափոխություն անցնեն:
– Վերջին ամիսներին եղե՞լ է մի բան, որ պլանավորվել է ու ֆեդերացիան ինչ-ինչ պատճառներով չի կատարել:
– Նման բան չի եղել ոչ միայն վերջին ամիսներին, այլեւ օլիմպիական քառամյա ամբողջ շրջափուլի ընթացքում: Մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանն անչափ ուշադիր եւ սկզբունքային է բոլոր հարցերում: Նրա համար ըմբիշների եւ մարզիչների հարցում մանրուքներ չկան՝ անկախ պահանջվող ծախսերից: Դա վերաբերում է թե ուսումնամարզական հավաքներին, թե պաշտոնական առաջնություններին ու միջազգային մրցաշարերին, թե բոլոր տարիքային խմբերի մարզիկներին, նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին՝ աշխատավարձ, խրախուսանքներ, սնունդ, վիտամիններ ու վերականգնիչներ, մարզահագուստ, գույք եւ այլն: Կա ընդհանուր կանոնակարգ, որով ֆեդերացիան շարժվում է: Բայց լինում են բաներ, որոնք լրացուցիչ ներդրումներ, ծախսեր են պահանջում: Դրանք ֆեդերացիայում քննարկում ենք ու եթե հիմնավորված են լինում, իրականացվում են:
– Ֆինանսական ապահովվածությունը մարզիչների ու ըմբիշների մեջ դրամից կախվածություն չի՞ առաջացնում: Ասենք, ամեն ինչ անում են հանուն փողի:
– Նման խնդիր մենք չունենք: Պարոն Կարապետյանի եւ ֆեդերացիայի առաջին պահանջ-պայմանն է. եթե ընտրել ես այս ոլորտը, ուրեմն պետք է աշխատես անմնացորդ: Եթե դուրս ես եկել միջազգային ասպարեզ եւ ներկայացնում ես Հայաստանը, ուրեմն, պարտավոր ես քո երկիրն արժանապատիվ ներկայացնել:
– Եթե գաղտնիք չէ, տարեկան որքա՞ն գումար է ներդնում Սամվել Կարապետյանը:
– Պետական բյուջեն երկու ոճերի համար տարեկան 220 մլն դրամ է: Ֆեդերացիայի նախագահը լրացուցիչ ներդնում է տարեկան առնվազն $1 միլիոն 200 հազարին համարժեք դրամ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ավելի: Ընդ որում, հատկացումները ծախսվում են խիստ նպատակային ու բոլոր ուղղություններով: Օրինակ, շատ մեծ կարեւորություն է տրվում պատանիների ու երիտասարդների հիմքերն ամրապնդելուն, որոնք պետք է փոխարինեն մեծահասակներին:
– Ֆեդերացիան ամսական քանի՞ հոգու է աշխատավարձ տալիս ու դա ի՞նչ գումար է կազմում:
– Հայաստանի հավաքականի անդամ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ, նրանց անձնական ու հավաքականների մարզիչներ՝ մոտ 300 հոգու: Ընդհանուր գումարը մոտ $500-600 հազարին համարժեք դրամ է: Սրանից բացի, կան նաեւ չեմպիոնների ու մրցանակակիրների պարգեւավճարներ:
– Համաշխարհային դոպինգային սկանդալների ֆոնին մեր ըմբիշների մասին ի՞նչ կասեք:
– Փառք Աստծո, մենք այդ գործընթացներից դուրս ենք: Մեր մարզիչները եւ մարզիկները սերտորեն համագործակցում են Հայաստանի հակադոպինգային կազմակերպության հետ ու խնդրին, անկախ այս սկանդալներից, մոտենում են ամենայն պատասխանատվությամբ: Պատահական չէ, որ մեր ըմբիշներն արդեն երկար տարիներ ոչ մի անգամ չեն հայտնվում հակադոպինգային կանոնները խախտողների ցուցակներում: Հիմա էլ ՎԱԴԱ-ին ու միջազգային ֆեդերացիային ուղարկել ենք մինչեւ օլիմպիական խաղեր հավաքականների բոլոր անդամների գտնվելու վայրի, րոպեների ճշգրտությամբ մարզումների մասին մանրամասն տեղեկատվություն, որպեսզի ցանկացած ժամանակ հասանելի լինեն: Մենք ցանկացած ժամանակ պատրաստ ենք անալիզ հանձնել:
– Ռիո դե Ժանեյրոյից ի՞նչ ակնկալիքներ ունենանք:
– Օլիմպիական խաղերում թույլ ըմբիշներ չկան: Բոլորն էլ մոտավորապես հավասարազոր ուժեր են: Բայց մեր ըմբիշները պայքարելու են մեդալների համար: Համենայնդեպս, ոսկե մեդալի լուրջ հույսեր ունենք:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
15.07.2016