Երբեմն ամենակարևոր պատասխաններն այնտեղ են, որտեղ մանկության հիշողությունները բախվում են ինքդ քեզ բացահայտելու և ընդունելու հետ:
Խճճվելով ինքն իր մեջ՝ Արշակը պատասխաններ է փնտրում մանկության հուշերում: Նա այնքան մոտ է ինքն իրեն ընդունելուն, որքան մոտ է շրջապտույտներով վազքին: Ի՞նչ կընտրի նա, և ինչպե՞ս պիտի 90-ականների մասին հիշողությունները սահմանեն նրա կյանքը:
Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը լրագրողի մասին է, որը մասնագիտական հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության վարչակազմի հետ, որտեղ աշխատում է: Կորցնելով աշխատանքը՝ նա համակվում է անկարողության և մեղքի զգացումով իր ընտանիքի առջև: Կինն անդադար փորձում է համոզել, որ արտագաղթեն, ինչը նրան ստիպում է վերջնական որոշում կայացնել: Սա հեշտ որոշում չէ. նա պետք է հակադրվի սեփական ես-ին. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ամբողջ կյանքում, փլվել են, իսկ ապագան անորոշ ու մշուշոտ է:
Հորը տեսնելու ցանկությունը նրան տանում է սահմանային այն գյուղը, որտեղ ապրում է հայրը: Ծնողների տան ճանապարհին երևան են գալիս նրա մանկության հուշերը 90-ականների դժվարին ժամանակների մասին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր: Առերեսումը սեփական անցյալի հետ օգնում է նրան վերագտնել իրեն և ճիշտ որոշում կայացնել…
Կարդացեք նաև
«Բարի լույս»-ն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
«Մինչև ֆիլմի նկարահանումը շատերը հարցնում էին՝ ինչու եմ անդրադառնում 1990-ականներին, ասում էին՝ պետք չէ վերհիշել այդ ծանր ժամանակները: Բայց ես կարծում եմ, որ չի կարելի մոռանալ անցյալը: Պետք է վատի վրա սովորել, լավը վերցնել ու առաջ գնալ: Մարդիկ հոգնել են այդ ծանր հիշողություններից, բայց կարելի է այլ հայացքով նայել, հիշել լավը: Առանց դրա մենք չենք կարող առաջ գնալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աննա Արևշատյանը:
Ֆիլմում Արշակի կերպարը մարմնավորած մասնագիտությամբ ճարտարապետ Արսեն Կարապետյանը նկարահանվելու որոշումը հեշտ է ընդունել, քանի որ դա համարել է հնարավորություն փորձելու մի բան, որը կյանքում չի արել:
«Համոզված էի, որ եթե հրաժարվեմ, երկրորդ անգամ նման հնարավորություն չի լինի: Կինո շատ եմ սիրում, ներսից ծանոթանալը հետաքրքիր էր: Ինձ համար փորձ էր գտնելու այսօրվա հերոսին: Հայաստանի հիմքն այն մարդիկ են, որոնք ապրում ու աշխատում են այստեղ, մտածում, կասկածում, տանջվում… Մեզ պետք են այսպիսի ֆիլմեր»,- ընդգծեց նա:
Բավական դժվար է եղել մանուկ Արշակի դերակատարին գտնելը. «6-7 դպրոց այցելեցինք, մինչև գտանք Արայիկին: Արդեն անհույս էինք փնտրում»,- նշեց Աննա Արևշատյանը:
Իննամյա Արայիկ Դարբինյանին դուր է եկել ֆիլմում նկարահանվելը. էլի կնկարահանվի:
«Հենց վատ էի խաղում, Աննային օգնության էին գալիս մեդալի նման, ոսկեգույն թղթով շոկոլադները: Որ լավ էի խաղում, ինձ դրանցից էր տալիս»,- պատմեց Արայիկը:
Նա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում է սովորում: Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քիմիկոս է ուզում դառնալ, որպեսզի «լիքը նյութեր սարքի»:
Շատ է հավանել իր կերպարը. «Բարի տղա էր, պաշտպանում էր աղջիկներին, լսում ու օգնում իր տատիկին»:
Արայիկն ասաց, որ միայն իր ընկեր Վռամին է ասել, որ ֆիլմում է նկարահանվում. «Գաղտնի էի պահում, որ միանգամից արդյունքը տեսնեն»,- բացատրեց մեր զրուցակիցը:
Ֆիլմի օպերատորն ազգությամբ լեհ Պավել Դիլլուսն է:
«Մի քանի շաբաթ աշխատելուց հետո սկսեցի Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը համարել: Մեծ սիրով եմ աշխատել ֆիլմի վրա: Դրա շնորհիվ ցանկացա ճանաչել Հայաստանն ու հասկանալ հայերին: Հայաստանում շատ երիտասարդների եմ տեսել, որոնք ինձ հիշեցնում են ֆիլմի գլխավոր հերոսին: Նրանք պայքարում են, փորձում հասկանալ՝ ինչ կարող են անել: Նույն իրավիճակն է նաև Լեհաստանում, որտեղից մեծ արտագաղթ կա հիմա. մոտ կես միլիոն լեհ է աշխատելու նպատակով մեկնել Մեծ Բրիտանիա»,- ասաց Պավել Դիլլուսը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ