Հուլիսի 15-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի երեխաներ, ես ձեզ 14 օր առաջ էի տեսել, հիմա տեսա և հասկացա, որ 14 տարով մեծացել եք: Ուրախ եմ ձեզ այստեղ մեկտեղված տեսնել: Ուզում եմ հավատալ, որ այսօր բոլորդ ձեր սրտերը կթողնեք Հայաստանում ու միշտ կգաք ու կփնտրեք այստեղ: Հայաստանը ձեր տունն է, այստեղ միշտ սպասում են ձեզ: Ուրախ եմ, որ իմ պատգամը կատարեցիք, հայերեն սովորեցիք: Շուտով սկսվելու են ձեր դասերը, ձեր դպրոցում պետք է լինեք առաջինը, ամենալավ երգողը, պարողը, հայերեն խոսողը: Երբ վերադառնաք տուն, համբուրեք ձեր հայրիկին ու մայրիկին՝ սփյուռքի նախարարությունը շնորհակալ է նրանց, որ դուք այստեղ եք: Կեցցեն ձեր ծնողները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Հայաստանում ձեզ հյուրընկալող հայրիկներին ու մայրիկներին, ճամբարի ջոկատավարներին, երգ ու պարի ուսուցիչներին, խոհարարին:
Սփյուռքահայ երիտասարդներին ողջունեց նաև Էդուարդ Շարմազանովը: Նա կարևորեց երիտասարդների այցը Հայրենիք ու հավելեց. «Հայրենիքը վերացական չեն սիրում, սիրում են ճանաչողությամբ: Այսօր զգացինք յուրաքանչյուրիդ զարկերակը: Ուր էլ ապրեք, դուք հայ եք: Ամենափառավոր տեսարանը այսօր այն էր, որ, աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած երեխաները մեր օրհներգն էին երգում: Շնորհակալություն սփյուռքի նախարարությանը՝ ազգանվեր գործունեության համար: Հայրենասիրությունը կոնկրետ գործ է, այս երեխաները էլ չեն ուշացվելու, հայերեն երգող, պարող, արտասանող այս երիտասարդները արդեն հայ են ու իրենցով վարակելու, հայացնելու են մնացածներին»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատելով Էդուարդ Շարմազանովի ազգանպաստ գործունեությունը՝ նրան պարգևատրեց «Արի տուն» առաջին մեդալով:
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության անդամ Տաճատ Վարդապետյանը: Նա արիտունցիներին համեմատեց խաղաղության սպիտակ աղավնիների հետ, ովքեր շուտով վերադառնալու են իրենց երկրները ու անծայրածիր տարածքներում հայկականություն են տարածելու, բացառելով սփյուռքում հայերի ուծացումը: Արիտունցիների համար նա արտասանեց իր հորինած «Արի տուն» բանաստեղծությունը, որը նվիրել է Ջավախքին և ջավախքցիներին:
Երեխաները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Իրենց կատարումներով արիտուցիներին ողջունեցին երգչուհիներ Անահիտ Սահակյանը, Մոնիկա Նազարեթյանը:
Նշենք, որ ծրագրի երրորդ փուլին մասնակցում էր 130 պատանի ու աղջիկ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:
ՀՀ սփյուռքի նախարարություն