Հունիսի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում, 2 տարի առաջ Ադրբեջանից վերադարձած 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակահարել է համագյուղացի , Լոռու մարզու Շնող գյուղում 1999թ. ապրիլին ծնված Աստղիկ Հանիսյանին : Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն,սակայն նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: Աստղիկ Հանիսյանը 2015թ. ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխա է ունեցել, իրավապահներին կեղծ տեղեկատվություն հայտնել, իբր երեխայի հայրը Վերին Կարմիրաղբյուրում բնակվող իր խորթ հայրն է: Սուտ մատնություն կատարելու համար Ա. Հանիսյանը 2015թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է մեկ տարի փորձաշրջան: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը այդ վճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել, պատճառաբանելով, որ կատարված հանցանքը Տավուշի մարզի դատարանի ընդդատյա չէ, քանի որ դեպքը կատարվել է Երեւանում:
2016թ. մարտի 31-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել է, գործն ուղարկվել է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության քննության: Այդ դատարանում հունիսի 30-ին նշանակված էր հերթական նիստը: Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում նշված է, որ հունիսի 30-ի դատական նիստը կայացել է, հաջորդ նիստը կայացել է հուլիսի 7-ին: Այդ օրը, անչափահաս աղջկա դաժան սպանությունից 13 օր անց, դատական նիստի ժամանակ մեղադրող Ն. Չիլինգարյանը հայտնել է, որ ամբաստանյալ Աստղիկ Հանիսյանին սպանել են, դատարան է ներկայացրել Ա. Հանիսյանի մահվան վկայականի պատճեն: Նա դատարան է ներկայացրել նաեւ Ա. Հանիսյանի օրինական ներկայացուցիչ Ռոզա Հանիսյանի դիմումը, ըստի որ վերջինս համաձայն է, որպեսզի իր դստեր վերաբերյալ քրեական գործը, նրա մահվան հիմքով կարճվի: Դատարանը որոշել է Ա. Հանիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական գործի վարույթը կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ