Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ

Հուլիս 15,2016 20:42

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2016 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նշվեց, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր.օր-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 2016թ. հունվարի 1-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 12,6%-ով կամ 1078 դեպքով: Ընդ որում, աճի երկու երրորդը կազմում են հենց հիշյալ դեպքերը:

Միևնույն ժամանակ, աճել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը՝ 1,8%-ով, ծանր հանցագործություններով՝ 5,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,1%-ով:

Կիսամյակի ընթացքում արձանագրված 39 սպանության դեպքերից բացահայտվել է 69,2%, ինչը 19,2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ սպանության փորձի 17 դեպքերի բացահայտումը կազմել է 100%: Հարկ է նշել, որ չբացահայտված սպանությունների 41,7%-ն անհայտ կորչելու դեպքեր են:

Բնակարանային գողության դեպքերի բացահայտումն աճել է 8,3%-ով, ավազակության դեպքերինը՝ 27,5, կողոպուտինը՝ 11,8%-ով:

Աճ է արձանագրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ՝ 3,1%:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է  409 միավոր հրազեն: 2,3%-ով աճել է նաև զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը:

Հաշվետու ժամանակահատվածում 14,8%-ով նվազել է խմբերի, 19 դեպքով՝  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը:

Զգալիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 149-ով (372-521): Գրեթե կրկնակի  աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (37-71):

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ու ճանապարհատրանսպորտային պատա­հար­ների նախականխմանը միտված   միջոցառումների  արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 73-ով, զոհերի թիվը՝ 29-ով, վիրավորներինը՝ 116-ով:

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց անչափահասների  հետ տարվող աշխատանքը, անդրադարձավ բնակարանային գողության դեպքերի բացահայտման առանձնահատկություններին և որպես ոստիկանության արդյունավետ գործունեության գրավական ընդգծեց ստորաբաժանումների փոխգործակցության անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը գործունեության առանցքային ուղղությունների շարքում առանձնացրեց հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքը՝ այն դիտելով և՛ որպես հանցավորության արդյունավետ հակազդման, և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման նախադրյալ:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց բարեփոխումների գործընթացի արդյունքները Ոստիկանության զորքերում և կարևորեց անձնակազմի պատվախնդիր ու պրոֆեսիոնալ գործելակերպը հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործում:

Կոլեգիայի նիստում հաշվետու զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչությունների պետերը:

Ոստիկանության պետն անդրադարձավ տեղերում հանցավորության կառուցվածքի և դրա հակազդման առանձնահատկություններին ու կարևորեց անձնակազմերի պատրաստականության բարձրացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանրությանը ծառայություն մատուցող և անմիջաբար քաղաքացիների հետ աշխատող ստորաբաժանումների գործունեությանը:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության և անձնագրային ու վիզաների վարչության, համայնքային ոստիկանության ղեկավարներից պահանջեց բարձրացնել ծառայողների պատասխանատվության աստիճանը, քաղաքացու հետ շփման որակը, ուշադրություն դարձնել ոստիկանների պահվածքին, արտաքինին, հաղորդակցության կարողություններին:

Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ առաջին կիսամյակում արձանագրված աշխատանքային արդյունավետությունը կպահպանվի, և ոստիկանությունը տարին կամփոփի՝ լիարժեք իրականացնելով բարեփոխումների ծրագրով  նախատեսված բոլոր խնդիրները:

Կոլեգիայի նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ և տրվեցին կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031