Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղ պայմաններում ադրբեջանական կայք կոտրելը ոչ մի օգուտ չի տալիս». մեդիափորձագետ

Հուլիս 15,2016 17:00

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայկական մեդիադաշտի մասնագետները և կիբերպատասխանատուները աշխատել են իդեալական: Այս մասին այսօր «Պոստ-Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նրա խոսքով` հայկական կողմին շատ հաճախ մեղադրում են նախահարձակ չլինելու մեջ. «Խաղաղ պայմաններում ադրբեջանական կայք կոտրելը ոչ մի օգուտ չի տալիս մեզ, որովհետև արդեն հասկանում են իրենց թույլ տեղերը և շատ արագ շտկում են: Իսկ փաստորեն որոշ առավելություններից հայկական կողմը զրկում է պատերազմի ընթացքում: Ադրբեջանցիները երբ կոտրում են մեր կայքերը, օգուտ մեզ է, եթե խաղաղ պայմաններում է դա լինում»:

Մեդիափորձագետը նշեց, որ այժմ տեղեկատվական տեսանկյունից դաշտը մի փոքր թուլացած է, ակտիվ ռազմական և տեղեկատվական գործընթացներից հետո մի փոքր դադար է. «Որևէ գրոհ ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից չկա, քանի որ առիթ չկա: Նրանք հարձակվում են հիմնականում երկու դեպքում. առաջինը` տարբեր հիշատակի օրերին, դա կլինի Ցեղասպանության, Խոջալուի կամ այլ օրեր և ռազմական գործողությունների ժամանակ են ակտիվանում: Բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել և յուրաքանչյուր պահի կարող է վերսկսվել: Դրա համար պետք է ուշադիր լինել: Այսինքն` տեղեկատվական դաշտի մարդիկ, կայքերի խմբագրերը հատկապես պետք է ուշադիր լինեն իրենց կայքերի գործունեության հարցում, պահպանեն լարված առաջին պատրաստության ռեժիմը, պետք է շատ աչալուրջ լինեն նաև պետական կառույցները»:

Տիգրան Քոչարյանը նկատեց, որ ապրիլին կատարվող ներքին «գզվռտոցը», մի փոքր դադարել էր, և այս անգամ վերսկսվել է ավելի մեծ ուժով, հաշվի առնելով նաև առաջիկա ընտրությունները, որ հաջորդ տարի են լինելու. «Որոշ բացասական երևույթներ, որ կարծես թե վերացել էին դաշտից, սկսել են վերսկսվել: Կրկին սկսվել է ադրբեջանական տեղեկատվության տիրաժավորումը մեր մամուլում: Որոշ լրատվամիջոցներ կուլ են տալիս ադրբեջանական խայծեր: Պետք է ուշադիր լինել: Օրինակ ունենք մի կերպար, որ Ադրբեջան էր փախել, իսկ հիմա չգիտեմ` որտեղ է, շատ ճիշտ կլիներ ընդհանրապես իր ասածներին չարձագանքել, քանի որ ինքն ու իր պատվիրատուները պարզապես սնվում են այս արձագանքով»:

Մեդիափորձագետը փաստեց, որ ժամանակին դաշտը հասել էր այն վիճակի, որ Ադրբեջանից ոչ մի տեղեկատվություն ոչ մի ձևով չէր հասնում մեր լսարանին կամ հասնում էր շատ ճիշտ մեկնաբանություններով. հիմա չկա այդպիսի բան:

Նա հորդորեց սոցիալական կայքերի օգտատերերին լինել շատ ուշադիր. «Ինչ-որ կայքում գրանցվելիս  կան կետեր, որ ոչ ոք չի կարդում: Պետք է կարդալ դրանք շատ ուշադիր և հետևել դրանց: Պետք է ուշադիր լինել սեփական էլ. հասցեներին, ժամանակին փոխել գաղտնաբառերը, այնպիսի տեղեկատվություն չպահել, որ հետագայում վտանգավոր լինի: Դա կնվազեցնի ռիսկը , բայց ասել, որ ապահովագրվելու ես 100 տոկոսով, անհնար է»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031