Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ստեփանակերտցի գործընկերների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հ. 2 և հ. 6 մանկապարտեզներ: Երևանցի հյուրերին փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ-ողջույնով:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղի գործընկերների հետ քննարկել են նաև նախադպրոցական կրթությանն ու մանկապարտեզների առօրյային վերաբերող հարցեր: Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է երևանյան մանկապարտեզների վերջին տարիների զարգացումներն ու կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման մոտեցումները: Այցի ժամանակ Ստեփանակերտի վերոնշյալ մանկապարտեզներին նվիրաբերվել են երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրատախտակներ, երաժշտական կենտրոն, իսկ ավարտական խմբերի սաներին` նաև պայուսակներ՝ 13 անուն գրենական պիտույքներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն