Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Գեւորգ Սաֆարյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա մասնավորապես վկա ոստիկան Արթուր Հեքիմյանի ցուցմունքները ունիկալ անվանեց՝ նշելով, որ վկան իր ցուցմունքներում նշել է, որ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի ընթացքում քաղաքացիների վրայից ալկոհոլի հոտ էր գալիս, եւ հետեւություն է արել, որ նրանք եղել են խմած. «Այն քաղաքացիները, որոնք առաջինը մոտեցել են, բերման են ենթարկվել ոստիկանություն եւ բոլորն էլ հանձնել են հատուկ թեստ, որը ստուգում է օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը:
Թեստի անցկացման մեթոդը եղել է փչել համապատասխան սարքի մեջ, որը ֆիքսում է՝ օդի մեջ կա՞ ալկոհոլ, թե՞ ոչ: Բոլորի մոտ ալկոհոլի պարունակությունը եղել է զրո: Այս տվյալներն առկա են քրեական գործում, բոլոր ստուգումները կան՝ որեւիցե մեկը խմած չի եղել: Հարց է առաջանում՝ ոստիկանները ո՞ւմ վրայից են ալկոհոլի հոտ առել: Կա մեկ տրամաբանական պատասխան՝ խմած էին ոստիկանները, ոստիկանները ալկոհոլի հոտն առել էին իրենց վրայից»:
Գեւորգ Սաֆարյանը ընդգծեց, որ իրեն ձերբակալել են Արթուր Հեքիմյանի ցուցմունքի հիման վրա, թե ճանաչել է իրեն: Ըստ ամբաստանյալի՝ վկան նման ցուցմունք է տվել, որպեսզի ոստիկանությունը կարողանա իրեն ձերբակալել. «Այս բացատրությունները համընկնում են այն կեղծ բացատրությունների հետ, որոնք ի սկզբանե տվել է Գեղամ Խաչատրյանը: Դրանից հետո ե՛ւ Գեղամ Խաչատրյանը, ե՛ւ տվյալ վկան փոխել են իրենց ցուցմունքները: Ցուցմունքները շատ հետաքրքիր են՝ առաջին ցուցմունքում, երբ որ դեռ ոստիկանությունում չէր գրվել սցենարը, որով Գեւորգ Սաֆարյանի գլխին պետք է գործ սարքեին, եւ այդ ժամանակ ինչ-որ հատվածում ճշմարիտ ցուցմունք է գրում՝ գրում է՝ երբ որ մոտեցան քաղաքացիներին, մենք ասացինք՝ չի կարելի մտնել Ազատության հրապարակ: Հետագայում, երբ ոստիկանությունը ամբողջ սցենարը գրել է տվել է, նույն վկան, նույն դեպքի վերաբերյալ տալիս է բացարձակ այլ ցուցմունք»:
Կարդացեք նաև
Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ երբ որ ցուցմունքին իրենք ներկա չեն եղել, քննիչը տվել է ցուցմունքը վկային, եւ վերջինս տվել է այնպիսի ցուցմունքներ, ինչպիսին պետք է քննիչին. «Սա նախաքննություն չէ, սա թելադրություն է: Քննիչը թելադրել է ցուցմունքը վկային: Եվ այս ամենից պարզ է դառնում, որ սա ընդամենը շինծու գործ է»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ