Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Գեւորգ Սաֆարյանի գործով վկա ոստիկան Արթուր Հեքիմյանի հարցաքննությունը:
Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ Արթուր Հեքիմյանի բոլոր հարցաքննությունների միջեւ մի շարք հակասություններ կան, մասնավորապես՝ վկան հստակ նշում է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ հրահանգ է ստացել: Գեւորգ Սաֆարյանը հավելեց, որ նախաքննական ցուցմունքներում վկան հայտնել է, որ շատ լավ է ճանաչել Գեւորգ Սաֆարյանին:
Դատախազն ասաց, որ պետք չէ հակասություն համարել այն դեպքերը, երբ վկան պատասխանեց, որ չի հիշում; Դատավորը հայտարարեց, որ վկայի տված ցուցմունքների մեջ կան էական հակասություններ եւ թույլ տվեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները:
Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց, թե հրապարակումից հետո հիշե՞ց՝ ինչ է կատարվել, վկան պատասխանեց, որ պարզապես ցանկություն է հայտնել ստուգել տոնածառի հանդերձանքով անձին, եւ հավելեց, որ ինչքան հիշում է՝ քաղաքապետարանն արգելել է տոնածառի մուտքը Ազատության հրապարակ: Տիգրան Հայրապետյանը հարցրեց, թե արդյոք վկան արգելե՞լ է մուտքը Ազատության հրապարակ, քանի որ քաղաքացու հանդերձանքը նման էր տոնածառի, Արթուր Հեքիմյանը պատասխանեց, որ քաղաքացին նաեւ կասկածելի տեսք է ունեցել:
Կարդացեք նաև
Վկան նախաքննական ցուցմունքներում նաեւ նշել էր, որ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել օրինական պահանջը, վկան պատասխանեց, որ օրինական պահանջը եղել է անվտանգություն ապահովելը, նա նշեց, որ ցանկացել է օրինական պահանջ հնչեցնել, սակայն քաղաքացին փախել է եւ նման հնարավորություն չի ունեցել: Տիգրան Հայրապետյանը ասաց՝ Դուք ձեր կարծիքները ներկայացրե՞լ եք որպես եղած դեպքեր, նա պատասխանեց, որ ցանկացել է ասել:
Պաշտպանը հարցրեց՝ կարո՞ղ է Գեւորգ Սաֆարյանը չի հարվածել Գեղամ Խաչատրյանին, սակայն չի հարվածել, բայց քանի որ վկան ցանկացել է, որ այդ հարվածը տեղի ունենա, այդ պատճառով էլ ասել է, վկան ասաց՝ ոչ նման բան չկա:
Տիգրան Հայրապետյանը նաեւ հետաքրքրվեց, եթե չէր ճանաչում Գեւորգ Սաֆարյանին, ապա ինչո՞ւ է գրել, որ ճանաչում է, Արթուր Հեքիմյանը պատասխանեց, որ չի հիշում, դեպքից երկար ժամանակ է անցել:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ