Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. Վկան չի հիշում հանգամանքները, որոնք ապացուցում են Գեւորգ Սաֆարյանի անմեղությունը

Հուլիս 15,2016 16:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հուլիսի 15-ին շարունակվում էր Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում շարունակվեց գործով վկա ոստիկան Արթուր Հեքիմյանի հարցաքննությունը:

Նա ասաց, որ Ազատության հրապարակի շրջակայքում Ամանորի գիշերը հասարակական կարգն է պահպանել, սակայն դժվարացավ հիշել, թե արդյոք հրահանգ է ստացել վերահսկել արգելված իրերի մուտքը հրապարակ: Նա նշեց, որ ցանկացել է ստուգել տոնածառի համազգեստով անձին, սակայն կողքից վերջինս դիմել է փախուստի: Վկան չհիշեց, որ ներկայացե՞լ է, թե՞ ոչ, սակայն հայտնեց, որ պատիվ է տվել, Ամանորն է շնորհավորել եւ չի հասցրել պահանջ ներկայացնել:

GEVORG-sAFARYAN-DAT-1Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախաքննական ցուցմունքը համապատասխանո՞ւմ է իրականությանը, վկան պատասխանեց՝ պետք է որ, եթե հրապարակվի ցուցմունքը, ապա կարող է մտաբերել: Տիգրան Հայրապետյանը հարցրեց, թե արդյոք նա հարվածի ձայն լսե՞լ է, վկան պատասխանեց, որ ոչ, սակայն տեսել է, թե ինչպես են հարվածում Գեղամ Խաչատրյանին: Արթուր Հեքիմյանը հարվածի մանրամասները չէր հիշում, օրինակ՝ աջից ձախ է եղել, թե ձախից աջ կամ վերեւից ներքեւ է եղել, թե ներքեւից վերեւ, պարզապես հիշում էր, որ հարված է եղել:

Տիգրան Հայրապետյանը ոստիկանին մի շարք հարցեր տվեց խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության լիազորությունների մասին, սակայն վկան պատասխանում էր կա՛մ չեմ հիշում, կա՛մ չգիտեմ: Արթուր Հեքիմյանը չէր կարող նաեւ որակել, թե արդյոք ոստիկանին հարվածելը քրեական հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ: Տիգրան Հայրապետյանը անհավանական գնահատեց վկայի ցուցմունքը՝ նկատելով, որ վկան միայն հարվածի պահն է հստակ հիշում, իսկ մնացած հանգամանքները, որոնք կարող են հաստատել Գեւորգ Սաֆարյանի անմեղությունը, չի հիշում:

Գեւորգ Սաֆարյանը վկային հարցրեց, թե ինչո՞ւ չէր կարելի այդ տոնածառի հանդերձանքով մտնել Ազատության հրապարակ, վկան պատասխանեց, որ կասկածելի հանդերձանք էր, ստուգումներ կատարելուց հետո նոր կարելի էր մտնել. «Մահակները ձեր վրայից հանեիք նոր»: Գեւորգ Սաֆարյանը հետաքրքրվեց, թե ինչ մահակների մասին է խոսքը, Արթուր Հեքիմյանն ասաց, որ հիշում է՝ իրենց մոտ մահակներ են եղել: Գեւորգ Սաֆարյանը հայտարարությունը տարօրինակ գնահատեց եւ խնդրեց մանրամասնել, վերջինս ասաց, որ տոնածառի հանդերձանք ունեցող անձի վրա կախված էին մահակներ, որոնց վրա փաթաթված էին փայլեր: Վկան տարօրինակ գնահատեց տոնածառով հանդերձանքով անձի քայլվածքը,  նույնիսկ նմանեցրեց այն պինգվինի քայլվածքին:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031