Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները մեղադրվում են ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնից գողության մեջ

Հուլիս 15,2016 16:14

Գեւորգ Խանզադյանին եւ Տիգրան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. հուլիսին աշխատելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Դիլիջանի պահպանության բաժանմունքում որպես հրաձիգ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, ունենալով տարածք ազատ մուտքի իրավունք, իրենց պահպանությանը հանձնված Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի 5 հասցեում գտնվող «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական հրապարակի տարածքից պարբերաբար գաղտնի հափշտակել եւ Տիգրան Գրիգորյանի անձնական օգտագործման «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տարածքից դուրս են հանել ընկերությանը պատկանող ընդհանուր 124 հազար դրամ արժողությամբ մեկ տոննա ցեմենտ, 4 տարայով, ընդհանուր 80 լիտր բետոնամածուկ, 100 կգ քաշով, 16 մմ տրամագծով ամրան եւ 25 հատ մետաղյա կապիչ:

Գ. Խանզադյանին եւ Տ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Այս հոդվածով բնութագրվող արարքների համար որպես պատիժ նախատեսվում է 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Գ. Խանզադյանի եւ Տ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նշված քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է հուլիսի 12-ին, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 19-ին: Մամուլում բազմում հրապարակումներ են եղել պետական բյուջեից ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում կատարված մեծ ծախսերի մասին:

Հավելենք, որ նույն «Սահակյանշին» ՓԲԸ-ն պետբյուջեի միջոցներով միջպետական ավտոճանապարհից նշված ուսումնական կենտրոն տանող կամուրջ է կառուցում: Էլի մեծ ծախս՝ պետական բյուջեի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031